ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են հուլիսի 1-ին Արաբական ծովում MH-60 Sea Hawk ուղղաթիռի կործանումից հետո անհետացած զինծառայողի որոնումները։ Այդ մասին հուլիսի 5-ին հայտնել է The New York Times (NYT) թերթը։
«Կիրակի օրը ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրին Արաբական ծովում չորեքշաբթի օրը MH-60 Sea Hawk ուղղաթիռի կործանումից հետո անհետ կորած անձնակազմի անդամի որոնումները», — ասվում է հրապարակման մեջ։
Հստակեցվում է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի ուղղաթիռի անձնակազմի մյուս երեք անդամները փրկվել են վթարային վայրէջքից կարճ ժամանակ անց, որը կատարվել էր հուլիսի 1-ին՝ հերթական պարեկության ընթացքում։
Բացի այդ, թերթի տվյալներով, Բահրեյնում տեղակայված ԱՄՆ ռազմածովային ուժերի Հինգերորդ նավատորմը հայտնել է, որ ռազմածովային ուժերի և ռազմաօդային ուժերի զինծառայողները ավելի քան 100 ժամ իրականացրել են որոնողափրկարարական գործողություն ավելի քան 36,3 հազար քառ. կմ տարածքում, որից հետո այն դադարեցվել է։
ԱՄՆ ռազմածովային ուժերի կենտրոնական հրամանատարությունը հուլիսի 1-ին հայտնել էր, որ USS George H.W. Bush ավիակրի կազմում գործող ամերիկյան MH-60S Sea Hawk ռազմական ուղղաթիռը Արաբական ծովում կատարել է վթարային վայրէջք ջրի վրա, իսկ անձնակազմի անդամներից մեկը համարվում է անհետ կորած։ Նշվում էր, որ օդանավում եղել են անձնակազմի չորս անդամներ։ Նրանցից երեքը հայտնաբերվել և տեղափոխվել են ավիակիր, նրանց վիճակը գնահատվում է կայուն։
Source: https://news.am/hy/news/1048021