ԱՄՆ ՌԾՈւ USS Nebraska ռազմավարական ատոմային սուզանավում, որը կրում է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ, առնվազն 64 ամերիկացի նավաստի թունավորվել է դիզելային գեներատորի արտանետումներից, հայտնել է Navy Times ռազմական պարբերականը։
Պարբերականի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել հունիսի 22-ին, երբ սուզանավը գտնվում էր Վաշինգտոն նահանգի Քիթսափ-Բանգոր խաղաղօվկիանոսյան ռազմածովային բազայում։
Զինծառայողները թունավորվել են, երբ գտնվել են աշխատող պահուստային դիզելային գեներատորի մոտ։ Նավաստիներին ուղարկել են բժշկական կենտրոն՝ բուժելու ախտանշաններ՝ հազը, գլխացավերը, գլխապտույտը և սրտխառնոցը։ Նրանք հայտնել են աչքերի, քթի և կոկորդի գրգռման մասին։ Վեց նավաստի հոսպիտալացվել է բժշկական օգնություն ստանալու համար, սակայն հետագայում բոլորը դուրս են գրվել։
ԱՄՆ ՌԾՈւ-ն հայտնել է, որ «նավատորմն աշխատում է միջադեպի ճշգրիտ պատճառը պարզելու ուղղությամբ և կձեռնարկի համապատասխան միջոցներ», իսկ դիզել-գեներատորը չի ազդում սուզանավի միջուկային ռեակտորի վրա, դրա աշխատանքը չի խափանվել։
Միջադեպից հետո անձնակազմի անդամները օդափոխել են սուզանավի տարածքները և վերադարձել դրա սպասարկման պլանային աշխատանքների կատարմանը, հայտնել են հրամանատարությունից։
USS Nebraska-ն ԱՄՆ ռազմավարական նշանակության 14 սուզանավային հածանավերից (ՊԼԱՐԲ) մեկն է՝ Ohio դասի, որոնք կարող են կրել 20 Trident II D-5 բալիստիկ հրթիռ՝ անհատական ուղղորդման միջուկային բլոկներով բաժանվող մարտագլխիկներով։ Դրանք կազմում են ամերիկյան ռազմավարական միջուկային եռյակի հիմքը, քանի որ կրում են ԱՄՆ ռազմավարական միջուկային ներուժի մոտ 70 տոկոսը։
Վաշինգտոն նահանգի Քիթսափ-Բանգոր խաղաղօվկիանոսյան ռազմածովային բազայում տեղակայված է ԱՄՆ ռազմածովային ուժերի 9-րդ սուզանավային խումբը, որը ներառում է այդպիսի ութ սուզանավ։ Դրանց անձնակազմերը բաղկացած են մոտ 140 նավաստուց և ավագ նավաստուց, ինչպես նաև 15 սպայից։
Այս ութ սուզանավերից չորսը պարեկում են ծովում, իսկ մնացածը նորոգվում և սպասարկում են անցնում բազայում։
Source: https://news.am/hy/news/1047517