ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Շվեդիայում լրագրողներին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների հետ խոսել է Հորմուզի նեղուցի բացմանն առնչվող հնարավոր խնդիրների մասին, հաղորդում է Associated Press-ը։

«Մենք պետք է ունենանք «Բ» պլան այն դեպքի համար, եթե ինչ-որ մեկը սկսի կրակել Հորմուզի նեղուցում։ Իդեալական տարբերակում, ինչ-որ պահի նրանք կբացեն նեղուցը։ «Բ» պլանը պետք է կայանա հետևյալում՝ իսկ ի՞նչ անել, եթե Իրանն ասի. «Ո՛չ, մենք հրաժարվում ենք բացել նեղուցը»։ Երկրները, ներառյալ ԱՄՆ-ը, ստիպված կլինեն այդ ուղղությամբ ինչ-որ քայլեր ձեռնարկել»,- ասել է Ռուբիոն։

Ընդ որում, նա չի հստակեցրել՝ արդյոք համարո՞ւմ է, որ ՆԱՏՕ-ն պետք է ներգրավվի այդ գործընթացում։

Ռուբիոն կրկնել է նաև բանակցությունների ընթացքի վերաբերյալ իր նախորդ հայտարարությունները՝ նշելով, որ ամերիկացի բանակցողները գործ ունեն «բարդ» մարդկանց հետ։

«Որոշակի առաջընթաց կա, բայց մենք դեռ չենք հասել վերջնակետին։ Հուսով եմ՝ դա կփոխվի, բայց կարող է և չփոխվել»,- ասել է նա։

Source: https://news.am/hy/news/1037613