Երկուշաբթի օրը Օմանի ափերի մոտ հարձակման է ենթարկվել ԱՄՆ պատժամիջոցների տակ հայտնված նավը։ Ինչպես հաղորդում է CNN-ը, այս մասին հայտնել է Հնդկաստանի նավաստիների արհմիությունը (Forward Seamen’s Union of India)՝ հավելելով, որ նավում գտնվող 24 հնդիկ նավաստիներն աղետալի վիճակում են:

Marivex նավթային տանկերը ԱՄՆ ֆինանսների նախարարության պատժամիջոցների ցուցակում է ներառվել անցյալ տարվա դեկտեմբերին՝ Իրանի դեմ սահմանված սահմանափակումների շրջանակում։

Երկուշաբթի օրը տանկերից ուղարկված տագնապի ազդանշանի համաձայն՝ անձնակազմը հայտնել է նավում բռնկված հրդեհի մասին, որն, ըստ նրանց, ԱՄՆ ռազմածովային ուժերի հարձակման հետևանք է։ CNN հեռուստաալիքը պաշտոնական մեկնաբանություն ստանալու համար արդեն դիմել է ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությանը (CENTCOM)։

«Նավում հրդեհ է, մենք խորտակվում ենք։ ԱՄՆ ռազմածովային ուժերի հարձակում է, հրթիռը դիպել է մեր մեքենայական բաժանմունքին, — նշված է CNN-ի ձեռքի տակ հայտնված տագնապի ազդանշանի վերծանման մեջ։ — Խնդրում ենք, օգնե՛ք։ Նավում հրդեհ է բռնկվել… Անձնակազմը բաղկացած է 24 հոգուց։ Բոլորն էլ Հնդկաստանի քաղաքացիներ են»։ Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ փրկարարական նավակներից մեկը նույնպես հրդեհվել է։

Սոցիալական հարթակներում հայտնված և CNN-ի կողմից վավերացված լուսանկարներում երևում է, թե ինչպես են Marivex տանկերի մեքենայական բաժանմունքի հատվածից ծխի թանձր ամպեր բարձրանում։

Նավթային տանկերը նավարկում է Պալաուի դրոշի ներքո, իսկ դրա գրանցված սեփականատերը՝ Arihant Shipping Inc. ընկերությունը, ներառված է ԱՄՆ-ի կողմից արգելափակված անձանց և նավերի ցուցակում (Իրանի հետ կապված գործունեություն ծավալելու համար)։

Source: https://news.am/hy/news/1042075