ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի հայտարարել է, որ Վաշինգտոնը Ուկրաինային Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի արտադրության արտոնագիր կտրամադրի՝ օգնելու համար նրան դիմակայելու ռուսական հրթիռային հարձակումներին, հաղորդում է Associated Press-ը:
Ըստ նրա՝ ԱՄՆ-ը միաժամանակ ցույց կտա Ուկրաինային, թե ինչպես արտադրել այդ համակարգերը:
«Մենք նրանց Patriot արտադրելու իրավունք կտանք։ Մենք նրանց ցույց կտանք, թե ինչպես դա անել»,- Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թրամփը: Նա նշել է, որ Ուկրաինան կկարողանա բավականին արագ կազմակերպել դրանց արտադրությունը:
Patriot համակարգերը թանկարժեք են, ունեն մեծ պահանջարկ, իսկ դրանց արտադրությունը երկար ժամանակ է խլում: Զելենսկին մի քանի տարի շարունակ խնդրում էր Ուկրաինային տրամադրել ավելի շատ նման համալիրներ, իսկ վերջին շրջանում նաև ձգտում էր ստանալ արտոնագիր՝ այդ համակարգերը սեփական ուժերով թողարկելու համար:
Թրամփի և Զելենսկու հանդիպումը տարաձայնություններով ավարտված նրանց նախորդ բանակցությունների համեմատ անցել է ավելի ջերմ մթնոլորտում: ԱՄՆ նախագահը դրական է գնահատել ուկրաինացի առաջնորդի պատրաստակամությունը՝ աշխատելու մարտական գործողությունների դադարեցման մասին համաձայնագրի շուրջ, նշում է գործակալությունը:
Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին «անհավանական աշխատանք է կատարել» և «շատ արդյունավետ» է եղել պատերազմի ընթացքում: ԱՄՆ նախագահի բնորոշմամբ՝ նրանց միջև հարաբերությունները զգալիորեն բարելավվել են, և ինքը կարծում է, որ հակամարտության ավարտի մասին համաձայնագիրը տեսանելի հեռանկարում է: Թրամփը հայտնել է նաև, որ Վաշինգտոնն աշխատելու է Ուկրաինայի համար «անվտանգության երաշխիքների որոշակի փաթեթի» շուրջ:
Source: https://news.am/hy/news/1048658