ԱՄՆ հետախուզությունն օգնություն է ցուցաբերել Ուկրաինային Ռուսաստանի տարածքում գտնվող օբյեկտներին հարվածելու համար անօդաչու թռչող սարքերի ամենաբարենպաստ երթուղիների որոշման հարցում, գրում է Financial Times-ը՝ հղում անելով ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաներին։

Ըստ նրանց՝ ամերիկյան հետախուզությունը Կիևին օգնել է նաև շրջանցել ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը։ Ըստ Financial Times-ի վերլուծության՝ ռուսական էներգետիկ ենթակառուցվածքների վրա ուկրաինական ԱԹՍ-ների «աննախադեպ» հարձակումները հանգեցրել են վերջին տասնամյակների ընթացքում Ռուսաստանում վառելիքային ամենալուրջ ճգնաժամին։

Լեհական Rochan Consulting վերլուծական խմբի տվյալներով՝ մայիսին ռուսական նավթավերամշակման գործարանների վրա Ուկրաինայի զինված ուժերի «հաջողված» հարձակումների քանակը հասել է 16-ի, ինչը դարձել է ամսական ռեկորդային ցուցանիշ, հաղորդում է Forbes-ը։

Հրապարակման մեջ նշվում է, որ 2026 թվականի սկզբից ի վեր ռուսական նավթավերամշակման գործարանները հարվածների են ենթարկվել արդեն առնվազն 194 անգամ, ինչը 11 անգամ ավելի հաճախ է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Ինչպես նշում է պարբերականը, այս տարի Կիևն ու Մոսկվան փոխանակվել են անօդաչուների և հրթիռների հարվածների ռեկորդային քանակով. երկու երկրների միջև հեռահար դիմակայությունը հասել է իր առավելագույն ինտենսիվությանը 2022 թվականի փետրվարից ի վեր։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ուկրաինական անօդաչուների ճնշող մեծամասնությունը հաջողվում է որսալ, սակայն հարձակումների կտրուկ հաճախացումը հանգեցրել է էներգետիկ ենթակառուցվածքի ռազմավարական օբյեկտներին հասցված հարվածների քանակի մեծացմանը, ընդգծում է Financial Times-ը։

Պարբերականն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ռուսական տարածաշրջանների ավելի քան կեսը ստիպված է եղել վառելիքի վաճառքի խիստ սահմանափակումներ մտցնել։

Source: https://news.am/hy/news/1048229