ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ուժերը հայտարարել են, որ ավարտել են Իրանի դեմ նոր փուլ հարձակողական հարվածների՝ բարձր ճշգրտության զինամթերքով խոցելով ավելի քան 80 թիրախ՝ որպես անհապաղ պատասխան Իրանի վերջին հարձակումներին Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի վրա։
«Ամերիկյան զորքերը հարվածներ են հասցրել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին, հրամանատարության և վերահսկման ցանցերին, ափամերձ ռադիոլոկացիոն կայաններին, նավերի դեմ հրթիռային համալիրներին և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավելի քան 60 փոքր նավակների նեղուցում և դրա մերձակայքում՝ թուլացնելու Իրանի կարողությունը շարունակելու հարձակումները միջազգային առևտրի դեմ, որն իրականացվում է միջազգային առևտրային միջանցքով։
Իրանը վերջերս հարձակվել է նեղուցով անցնող երեք առևտրային նավերի վրա, այդ թվում՝ Մարշալյան կղզիների դրոշով «Ալ-Ռեքայաթ» տանկերի, Սաուդյան Արաբիայի դրոշով «Վադյան» տանկերի և Լիբերիայի դրոշով «Կիպրոս Փրոսփերիթի» տանկերի վրա։ Իրանական ուժերի կողմից չարդարացված ագրեսիան հրադադարի ռեժիմի ակնհայտ և վտանգավոր խախտում է ու խաթարում է նավարկության ազատությունը։
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ուժերը մնում են մարտական պատրաստականության վիճակում և պատրաստ են Իրանին պատասխանատվության ենթարկել համաձայնագիրը չպահպանելու կամ չկատարելու դեպքում», - նշել են ԱՄՆ բանակում։
Source: https://news.am/hy/news/1048498