ԱՄՆ Կոնգրեսի անդամները հայտարարել են, որ Թուրքիայի՝ F-35 կործանիչների ծրագրին հնարավոր վերադարձի գլխավոր խոչընդոտը մնում է Անկարայի մոտ ռուսաստանյան C-400 զենիթահրթիռային համալիրների առկայությունը։

Ինչպես հայտնում է Kathimerini-ն՝ հղում անելով ամերիկացի օրենսդիրներին, հարցը կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո, որտեղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թույլ է տվել որոշակի պայմանների կատարման դեպքում վերանայել Թուրքիայի նկատմամբ կիրառվող CAATSA պատժամիջոցները։

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, հանրապետական Ջիմ Ռիշը, ընդգծել է, որ Վաշինգտոնի և Անկարայի միջև լիարժեք պաշտպանական համագործակցության վերականգնումն անհնար է, քանի դեռ Թուրքիան պահպանում է C-400-ները։

Նմանատիպ դիրքորոշմամբ հանդես է եկել նաև դեմոկրատ սենատոր Քրիս Վան Հոլենը, որը 2019 թվականին Թուրքիայի դեմ պատժամիջոցների հեղինակներից մեկն էր։ Ըստ նրա, ռուսաստանյան համալիրները ուղիղ սպառնալիք են ներկայացնում F-35-ի անվտանգության համար, իսկ այդ ինքնաթիռների փոխանցումը Անկարային կհակասեր ամերիկյան օրենսդրությանը։

«Օրենքը չափազանց հստակ է. քանի դեռ Թուրքիան տիրապետում է C-400-ներին, նա չի կարող մասնակցել F-35 ծրագրին։ Այս պահանջը շրջանցելու ցանկացած փորձ անընդունելի է», — հայտարարել է Վան Հոլենը։

Միաժամանակ Ներկայացուցիչների պալատում ուժեղանում է Թուրքիայի նկատմամբ քաղաքականության հնարավոր մեղմացման դիմադրությունը։ Դինա Տիտուսի գլխավորած 18 դեմոկրատ կոնգրեսականներից կազմված խումբը Կոնգրեսի ղեկավարությանը կոչ է արել թույլ չտալ Անկարայի վերադարձը F-35 ծրագրին։

Բացի այդ, հանրապետական Մայք Լոուլերը գլխավորել է երկկուսակցական նախաձեռնություն, որն ուղղված է ոչ միայն Թուրքիային F-35 կործանիչների վաճառքի, այլև թուրքական հեռանկարային KAAN կործանիչի համար ամերիկյան շարժիչների մատակարարումների դեմ։

Ըստ Լոուլերի, Թուրքիային ամերիկյան ամենաժամանակակից մարտական ինքնաթիռներից մեկի փոխանցումը կվտանգի կարևորագույն տեխնոլոգիաները, վնաս կհասցնի ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի դաշնակիցների ազգային անվտանգության շահերին և կհակասի գործող ամերիկյան օրենսդրությանը։

Source: https://news.am/hy/news/1049379