Ամերիկյան համալսարանները զգալի ֆինանսական կորուստների են բախվում օտարերկրացի ուսանողների թվի նվազման պատճառով, ինչը կապվում է Դոնալդ Թրամփի վարչակազմի խստացված միգրացիոն քաղաքականության հետ։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ վկայակոչելով բուհերի տվյալները։

Դաշնային վիճակագրության համաձայն՝ 2026 թվականի ապրիլ-մայիս ամիսներին ԱՄՆ-ում օտարերկրացի ուսանողների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 8%-ով։ Ընդ որում, արտասահմանցիները կազմում են բոլոր ուսանողների շուրջ 6%-ը, սակայն ուսման բարձր վարձավճարների հաշվին ապահովում են համալսարանների եկամուտների ավելի քան 12%-ը։

Կալիֆոռնիայի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Դիք Սթարցի խոսքով՝ օտարերկրացի ուսանողների թվի կրճատումը բյուջեի լուրջ դեֆիցիտ է առաջացնում, որը բուհերը ստիպված կլինեն փոխհատուցել կամ ուսման վարձի բարձրացմամբ, կամ էլ ծախսերի կրճատմամբ։

Փոփոխություններն ամենից շատ զգացնել են տվել այն համալսարաններում, որտեղ օտարերկրացի ուսանողների մասնաբաժինը հասնում է 30%-ի։ Այսպիսով, Հյուսիսային Տեխասի համալսարանն այս տարի ունեցել է շուրջ 2,8 հազարով պակաս օտարերկրացի ուսանող, ինչը հանգեցրել է մոտ 45 միլիոն դոլարի եկամտի կորստի։ Արդյունքում բուհը փակել է 71 կրթական ծրագիր։

2025 թվականի հունվարին Սպիտակ տուն վերադառնալուց հետո Դոնալդ Թրամփը բազմիցս հանդես է եկել միգրացիոն քաղաքականության խստացման և անօրինական ներգաղթի նկատմամբ վերահսկողության ուժեղացման օգտին։

Source: https://news.am/hy/news/1046667