Ամերիկյան ֆոնդային ինդեքսները երեքշաբթի օրվա սակարկությունների արդյունքներով նվազել են։

Nasdaq Composite-ը կորցրել է ավելի քան 1%՝ չիպ արտադրողների բաժնետոմսերի գնանշումների անկման հետևանքով՝ Samsung Electronics-ի նախնական եռամսյակային հաշվետվության հրապարակումից հետո։

Հարավկորեական ընկերությունը, որը կիսահաղորդչային բաղադրիչների աշխարհի խոշորագույն արտադրողներից մեկն է, երկրորդ եռամսյակում գործառնական շահույթն ավելացրել է 19 անգամ՝ հասցնելով ռեկորդային առավելագույնի։ Անցած եռամսյակում Samsung-ի հասույթն աճել է ավելի քան երկու անգամ՝ նույնպես հասնելով ռեկորդի, սակայն փոքր-ինչ թույլ է եղել շուկայի սպասումներից։

Այս ֆոնին էժանացել են ինչպես Samsung-ի, այնպես էլ ոլորտի այլ ներկայացուցիչների բաժնետոմսերը Ասիայում, Եվրոպայում և ԱՄՆ-ում։

Ոլորտի համար բացասական գործոն է դարձել նաև Reuters գործակալության հաղորդագրությունն այն մասին, որ չինական DeepSeek ստարտափը մշակում է իր սեփական ԱԲ-չիպը։

Marvell Technology Inc.-ի բաժնետոմսերը էժանացել են 7,5%-ով, KLA Corp.-ինը՝ 7,2%-ով, Advanced Micro Devices Inc.-ինը՝ 6,5%-ով, Micron Technology Inc.-ինը՝ 4,7%-ով, Broadcom Inc.-ինը՝ 0,8%-ով։

Ներդրողների տրամադրության վատթարացմանը երեքշաբթի նպաստել են նաև Մերձավոր Արևելքում լարվածության սրման ազդակները։ Նավթի գներն աճել են Օրմուզի նեղուցի շրջանում մի շարք նավերի վրա հարձակումների մասին հաղորդագրություններից հետո։ Նյու Յորքում առևտրի ավարտին մոտ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարեց լիցենզիայի գործողության դադարեցման մասին, որը թույլ էր տալիս Իրանից նավթի և նավթամթերքների մատակարարում, վաճառք և այլ գործարքներ։

ԱՄՆ խոշորագույն նավթագազային ընկերությունների՝ ExxonMobil Holdings Corp.-ի և Chevron Corp.-ի բաժնետոմսերը թանկացել են համապատասխանաբար 3,9%-ով և 3,5%-ով։

Dow Jones-ի անկման առաջատարների թվում էին Caterpillar Inc.-ի (-3,1%), Honeywell International Inc.-ի (-2,7%), Sherwin-Williams Co.-ի (-2%) արժեթղթերը։

Միևնույն ժամանակ վստահորեն թանկացել են Johnson & Johnson-ի (+3,1%), UnitedHealth Geoup Inc.-ի (+2,4%), Procter & Gamble Co.-ի (+2,3%) բաժնետոմսերը։

Walmart Inc.-ի կապիտալիզացիան, որը հայտարարել էր իր խանութներում հազարավոր ապրանքների գների իջեցման մասին, ավելացել է 0,8%-ով։

Ֆինտեխ ընկերություն Fiserv Inc.-ի բաժնետոմսերի գինը բարձրացել է 1,8%-ով՝ The Wall Street Journal թերթի տեղեկության ֆոնին, ըստ որի ամերիկյան մի շարք խոշոր բանկեր, այդ թվում՝ JPMorgan Chase & Co.-ն և Bank of America Corp.-ը, բանակցություններ էին վարել ընկերության՝ դեբետային քարտերով գործառնություններ ապահովող վճարային ենթակառուցվածքի բիզնեսը գնելու շուրջ։

Էլեկտրամոբիլների արտադրող Rivian Automotive Inc.-ի կապիտալիզացիան, որը հայտարարել էր 75 մլն սովորական բաժնետոմսերի տեղաբաշխման մասին, ընկել է 18%-ով։

Nasdaq 100 ինդեքսի կազմում հուլիսի 7-ին ներառված SpaceX-ի արժեթղթերը էժանացել են 6,8%-ով։

ԱՄՆ առևտրի նախարարության՝ երեքշաբթի հրապարակված զեկույցը ցույց է տվել մայիսին երկրի արտաքին առևտրի հաշվեկշռի դեֆիցիտի կտրուկ աճ։ Այն նախորդ ամսվա համեմատ ավելացել է 42,1%-ով՝ հասնելով 77,6 մլրդ դոլարի։ Վերանայված տվյալների համաձայն՝ ապրիլին առևտրային հաշվեկշռի բացասական սալդոն կազմել է 54,6 մլրդ դոլար, այլ ոչ թե 55,9 մլրդ դոլար, ինչպես հաղորդվել էր ավելի վաղ։ Trading Economics-ի տվյալներով՝ վերլուծաբանները միջինում սպասում էին, որ մայիսին դեֆիցիտը կավելանա 40,4%-ով՝ նախկինում հայտարարված ապրիլյան մակարդակից մինչև 78,5 մլրդ դոլար։

Այս շաբաթ շուկան սպասում է նաև Դաշնային պահուստային համակարգի հունիսյան նիստի արձանագրության հրապարակմանը։

Երեքշաբթի շուկայի փակման տվյալներով Dow Jones Industrial Average-ը նվազել է 0,25%-ով՝ մինչև 52925,15 կետ։

Standard & Poor's 500-ի արժեքը նվազել է 0,45%-ով՝ մինչև 7503,85 կետ։

Nasdaq Composite ինդեքսը նվազել է 1,16%-ով՝ կազմելով 25818,69 կետ։

Source: https://news.am/hy/news/1048547