ԱՄՆ-ի և Իրանի միջև զինադադարը «առնվազն ժամանակավորապես դադարել է գործել», CNN հեռուստաալիքի հետ մեկնաբանությունում հայտարարել է ամերիկացի պաշտոնյան:
Նրա խոսքով՝ իրավիճակը մնում է «շատ դինամիկ», և Վաշինգտոնը չի բացառում նոր հարվածներ արդեն իսկ հայտարարված գործողությունից հետո: Ամերիկյան զինվորականները, ինչպես հայտնել է աղբյուրը, գտնվում են իրադարձությունների հետագա զարգացմանը սպասելու ռեժիմում:
Պաշտոնյայի տվյալներով՝ վերջին հարձակումների ընթացքում ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել հրթիռների և անօդաչու թռչող սարքերի հետ կապված օբյեկտներին, որոնք կարող են սպառնալիք ներկայացնել ամերիկյան ուժերի, այդ թվում՝ «USS Abraham Lincoln (CVN-72)» նավի գլխավորած ավիակիր խմբի համար:
Բացի դրանից, հարվածների են ենթարկվել Հորմուզի նեղուցի շրջանում գտնվող օբյեկտները, որոնք, ամերիկյան կողմի պնդմամբ, կարող էին օգտագործվել նավագնացությանը սպառնալու համար: Գործողությունն իրականացվել է ԱՄՆ ռազմածովային ուժերի կիրառմամբ և ներառել է հարվածներ ծովային ու ցամաքային ուղղություններից:
Այժմ ավիակրի տախտակամածին իրականացվող գործողությունները հիմնականում պաշտպանական բնույթ են կրում: Նավը կարող է օգտագործվել նաև Հորմուզի նեղուցում իրավիճակին հետևելու և դրա հնարավոր շրջափակմանը մասնակցելու համար, եթե նման միջոցը կրկին կիրառվի:
Ամերիկացի պաշտոնյան նշել է, որ հարձակողական գործողությունները չեն բացառվում՝ կախված իրավիճակի հետագա զարգացումից:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Թեհրանի հետ փոխըմբռնման հուշագիրը «ավարտված է», սակայն խաղաղության շուրջ բանակցությունները կարող են շարունակվել:
Source: https://news.am/hy/news/1048730