Մերձավորարևելյան հակամարտության էսկալացիայի նոր փուլի պայմաններում երկու կողմերն էլ՝ ԱՄՆ-ը և Իրանը, իրենց նպատակներին հասնելու և ճգնաժամը լուծելու համար ավելի քիչ տարբերակներ ու ժամանակ ունեն։ Այս մասին հուլիսի 15-ին հայտնել է «The Wall Street Journal» (WSJ) թերթը։
Նշվում է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կնախընտրեր կարգավորել հակամարտությունը մինչև նոյեմբերին իր երկրում կայանալիք միջանկյալ ընտրությունները, ինչպես նաև նախքան նավթի գները կրկին կհասնեն «ամերիկացիների համար ցավոտ մակարդակի»։ Իրանն իր հերթին փորձում է ժամանակ շահել և հույս ունի, որ Հորմուզի նեղուցում Իրանի ծովային շրջափակումը կթուլացնի ԱՄՆ-ի առանց այն էլ թույլ տնտեսությունը՝ միաժամանակ չցանկանալով հրահրել հերթական լայնամասշտաբ ամերիկա-իսրայելական հարձակումը։
«Կողմերից յուրաքանչյուրը հանգել է այն եզրակացության, որ իր համար լավագույն տարբերակը ցածր մակարդակի վրա հակամարտության վերսկսումն է, քանի դեռ մյուս կողմը չի հանձնվել»,- գրում է պարբերականը։
Այնուամենայնիվ, Վաշինգտոնը դժվար թե կարողանա չեզոքացնել Հորմուզի նեղուցում նավագնացությանն ուղղված Թեհրանի սպառնալիքները՝ առանց տարածաշրջանում իրավիճակի կտրուկ սրման, ինչին նա չի գնա ներքին քաղաքականությամբ պայմանավորված պատճառներով, կարծում են WSJ-ի հեղինակները։ Սակայն, թերթի տեղեկություններով, Իրանն այնուամենայնիվ պետք է զգուշանա, որ Թրամփը կարող է գնալ նման քայլի՝ ձգտելով անվերապահ հաղթանակ տանել մերձավորարևելյան հակամարտությունում՝ ընտրությունների նախաշեմին ԱՄՆ-ում հանրապետականների դիրքերը վերականգնելու նպատակով։
Վերլուծաբանները հստակեցնում են, որ նման ռազմավարությունը նաև ռիսկեր է պարունակում նաև Սպիտակ տան ղեկավարի համար։ Իրանն, ի պատասխան հակամարտության կտրուկ սրման, կարող է ակտիվացնել տարածաշրջանում ԱՄՆ դաշնակիցների ուղղությամբ հարվածները։ Իսկ քանի որ Վաշինգտոնը որսիչ հրթիռների լուրջ դեֆիցիտ ունի, որոնք թույլ կտային Պարսից ծոցի երկրներին պաշտպանվել Իսլամական Հանրապետության ԱԹՍ-ներից և հրթիռներից, «ժամանակ ձգելու» Թրամփի փորձերն էլ ավելի ռիսկային են դառնում։
Source: https://news.am/hy/news/1049966