Էլ Նինյո կլիմայական երևույթն ուժեղացել է անցած ամսվա ընթացքում և մեծ հավանականությամբ կարող է դասվել դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում ամենահզորների շարքին, երբ հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում հասնի իր գագաթնակետին, հինգշաբթի հայտնել են ամերիկացի օդերևութաբանները, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը:

Էլ Նինյոն կապված է Խաղաղ օվկիանոսի հասարակածային գոտու կենտրոնական և արևելյան հատվածներում ջրի մակերևույթի ջերմաստիճանի բարձրացման հետ: Դա գլոբալ փոփոխություններ է առաջացնում մթնոլորտային շրջանառության, քամիների, ճնշման և տեղումների ռեժիմների մեջ:

ԱՄՆ Կլիմայի կանխատեսման կենտրոնի (CPC) վերջին կանխատեսման տվյալներով՝ հոկտեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածում «չափազանց ուժեղ» Էլ Նինյոյի հավանականությունը կազմում է 81%: Նման սցենարը կարող է դառնալ այս տիպի խոշորագույն իրադարձություններից մեկը պատմական վիճակագրության մեջ, որը վարվում է 1950 թվականից ի վեր:

«Չափազանց ուժեղ» է համարվում այն Էլ Նինյոն, որի դեպքում դիտարկման տարածաշրջանում ջերմաստիճանը գերազանցում է միջին ցուցանիշը 2 աստիճան Ցելսիուսով կամ ավելի: CPC-ն նաև 97% է գնահատում հավանականությունը, որ այս երևույթը կպահպանվի մինչև 2027 թվականի գարնան սկիզբը:

Էլ Նինյոն սովորաբար ազդեցություն է ունենում կլիմայի վրա ամբողջ աշխարհում. այն կարող է հանգեցնել ավելի չոր պայմանների և երաշտների Ավստրալիայում, ձմռանը տեղումների քանակի ավելացման Արևելյան Աֆրիկայում և ԱՄՆ հարավում, ինչպես նաև գլոբալ ջերմաստիճանի բարձրացման:

CPC-ում նշում են, որ նույնիսկ Էլ Նինյոյի ամենաուժեղ դրվագները միևնույն հետևանքները չեն առաջացնում աշխարհի բոլոր տարածաշրջաններում, սակայն առավել հզոր իրադարձությունները մեծացնում են իրենց բնորոշ կլիմայական ազդեցությունների հավանականությունը:

Այժմ օվկիանոսի մակերևույթի ջերմաստիճանը Խաղաղ օվկիանոսի հասարակածային մասի Նինյո-3.4 տարածաշրջանում նորմայից բարձր է ըստ Ցելսիուսի մոտավորապես 1,2 աստիճանով: Խորության վրա ջրերի տաքացման, ինչպես նաև քամիների և մթնոլորտային ճնշման փոփոխությունների հետ համատեղ՝ դա մատնանշում է Էլ Նինյոյի հետ կապված «օվկիանոս-մթնոլորտ» համակարգի ուժեղացումը:

Սովորաբար Էլ Նինյոյի գագաթնակետը լինում է նոյեմբերից փետրվար ընկած ժամանակահատվածում, սակայն դրան առնչվող մոլորակի ջերմաստիճանի բարձրացումն ի հայտ է գալիս ավելի ուշ:

Գիտնականները նշում են, որ մարդահարույց կլիմայական փոփոխությունների ֆոնին վերջին ուժեղ Էլ Նինյոն դարձավ այն գործոններից մեկը, որը նպաստեց նրան, որ 2023 թվականը դարձավ դիտարկումների պատմության մեջ երկրորդ ամենաշոգ տարին, իսկ 2024 թվականը սահմանեց ջերմաստիճանային նոր ռեկորդ:

Source: https://news.am/hy/news/1048956