ԱՄՆ Գերագույն դատարանը երեքշաբթի լուրջ պարտության է մատնել երկրի նախագահ Դոնալդ Թրամփին՝ մերժելով Միացյալ Նահանգներում ծննդյան փաստով քաղաքացիություն ստանալու իրավունքը սահմանափակելու նրա փորձը։ Այդ իրավունքը երկար ժամանակ ամերիկյան իրավական համակարգի և սոցիալական ավանդույթի մաս է, գրում է Reuters-ը։

Այս որոշումը տապալեց ներգաղթի ոլորտում Թրամփի քաղաքականության առանցքային նախաձեռնություններից մեկը։

Դատավորների որոշումը դարձավ այս տարվա ընթացքում արդեն երկրորդ դեպքը, երբ դատարանն անօրինական ճանաչեց Թրամփի խոշոր նախաձեռնությունը՝ փետրվարին նրա գլոբալ մաքսատուրքերը չեղարկելու որոշումից հետո։

Դատարանը պաշտպանեց ստորադաս ատյանի որոշումը, որն արգելափակել էր նախագահի հրամանագիրը։ Այդ հրամանագրով դաշնային գերատեսչություններին հանձնարարվում էր չճանաչել ԱՄՆ-ում ծնված երեխաների քաղաքացիությունը, եթե ծնողներից ոչ մեկը ԱՄՆ քաղաքացի կամ մշտական ռեզիդենտ («գրին քարտ» ունեցող) չէ։

Հայցվորները պնդում էին, որ հրամանագիրը խախտում է ԱՄՆ Սահմանադրության 14-րդ փոփոխությունը, որտեղ ասվում է, որ քաղաքացի են ԱՄՆ-ում ծնված և նրա իրավազորության ներքո գտնվող բոլոր անձինք։

Թրամփը, որը բազմիցս ընդլայնել է նախագահական լիազորությունների սահմանները ներքին և արտաքին քաղաքականության հարցերում, այս հրամանագիրը ստորագրել էր Սպիտակ տուն վերադառնալու առաջին իսկ օրը՝ խիստ միգրացիոն քաղաքականության շրջանակում։ Քննադատները նրան մեղադրում են խտրական մոտեցման մեջ։

Դատարանը որոշումն ընդունել է հուլիսի 4-ի՝ ԱՄՆ անկախության 250-ամյակի տոնակատարության նախօրեին։

Փորձագետների գնահատականներով՝ հրամանագիրը կարող էր ազդել տարեկան մինչև 250 հազար նորածնի վրա և միլիոնավոր ընտանիքներից պահանջել ծնողների կարգավիճակի հաստատում։

Գործը քննվում էր որպես կոլեկտիվ հայց, որը Նյու Հեմփշիրում ներկայացրել էին այն ծնողներն ու երեխաները, որոնց քաղաքացիությունը հայտնվել էր վտանգի տակ։

14-րդ փոփոխությունն ավանդաբար մեկնաբանվում է որպես ԱՄՆ տարածքում ծնված բոլոր անձանց քաղաքացիություն երաշխավորող դրույթ, բացառությամբ օտարերկրյա դիվանագետների և թշնամական բռնազավթիչ ուժերի երեխաների։

Թրամփի վարչակազմը պնդում էր, որ «ԱՄՆ իրավազորությանը ենթակա» ձևակերպումը բացառում է անօրինական ներգաղթյալների և երկրում ժամանակավորապես գտնվող օտարերկրացիների երեխաներին, ներառյալ՝ ուսանողներին և վիզաներով աշխատողներին։

Ըստ այդ մեկնաբանության՝ քաղաքացիություն պետք է շնորհվի միայն Անվերապահ լոյալություն ունեցող անձանց՝ ԱՄՆ քաղաքացիների և մշտական ռեզիդենտների երեխաներին։

Լսումների ժամանակ Թրամփը դարձավ ԱՄՆ առաջին գործող նախագահը, որը ներկա եղավ այս գործով Գերագույն դատարանի նիստին, սակայն լքեց այն նախքան իր դիրքորոշումը վիճարկող կողմի փաստարկների ավարտը։

Վարչակազմը նաև պնդում էր, որ ավտոմատ քաղաքացիության պրակտիկան առաջացրել է «ծննդաբերական տուրիզմի» երևույթը, սակայն ընդունեց, որ խնդրի ճշգրիտ մասշտաբը սահմանված չէ։

14-րդ փոփոխությունն ընդունվել է 1868 թվականին՝ Քաղաքացիական պատերազմից և ստրկության վերացումից հետո՝ քաղաքացիությունն ամրագրելով նախկինում ստրկացված մարդկանց և նրանց սերունդների համար։

Հայցվորները հղում էին անում 1898 թվականի նախադեպին («ԱՄՆ-ն ընդդեմ Վոնգ Կիմ Արկի» գործը), որով Գերագույն դատարանը հաստատել էր ԱՄՆ տարածքում ծնված օտարերկրացիների երեխաների՝ ծննդյան փաստով քաղաքացիության իրավունքը։

Վարչակազմի կողմը պնդում էր, որ այդ նախադեպը չի հերքում իր դիրքորոշումը, քանի որ այդ գործով ծնողները ԱՄՆ-ում ունեին մշտական բնակության իրավունք։

Լսումների ժամանակ որոշ դատավորներ կասկածամտությամբ վերաբերվեցին վարչակազմի փաստարկներին։

Նախորդ տարիներին Թրամփը բազմիցս հայտարարել էր ծննդյան իրավունքով քաղաքացիությունը սահմանափակելու մտադրության մասին՝ պնդելով, որ այն օգտագործվում է համակարգի չարաշահման համար։

2025 թվականին Նյու Հեմփշիրի դաշնային դատարանն արգելափակել էր հրամանագիրը՝ թույլ տալով գործը քննել որպես կոլեկտիվ հայց, ինչը հնարավոր դարձրեց դրա համազգային կասեցումը։

Ավելի վաղ Գերագույն դատարանն արդեն սահմանափակել էր դաշնային դատավորների՝ նախագահական որոշումները երկրի ամբողջ տարածքում արգելափակելու հնարավորությունը, սակայն դա չէր վերաբերում կոնկրետ այս հրամանագրին։

Ընդհանուր առմամբ, վերջին ամիսներին դատարանը հաճախ էր պաշտպանում Թրամփի վարչակազմի ներգաղթային նախաձեռնությունները, ներառյալ՝ ներգաղթյալների կարգավիճակի սահմանափակումները և արտաքսման միջոցառումների ընդլայնումը, թեև առանձին դեպքերում հակառակ դիրքորոշում ուներ։

Սա Գերագույն դատարանի՝ հոկտեմբերին սկսված ընթացիկ նստաշրջանի վերջին որոշումն էր։

Source: https://news.am/hy/news/1046943