Մեծ Բրիտանիայի Ազգային արխիվը հայտնել է ԱՄՆ Անկախության հռչակագրի հազվագյուտ վաղ օրինակներից մեկի հայտնաբերման մասին։ Փաստաթուղթը գտել են 1776 թվականին Թագավորական նավատորմի կողմից ամերիկյան Dalton կապերական նավի գրավման հետ կապված արխիվային նյութերում, գրել է Associated Press-ը։

Փաստաթուղթը գտել է արխիվի կամավոր Մայքլ Սքերը, որն ավելի քան տասը տարի զբաղվում է պատմական փաստաթղթերի քարտագրմամբ։ Զննելով XIII դարի բրիտանական նավատորմի կապիտանի նամակագրությունը՝ նա հայտնաբերել է 1776 թվականի Սուրբծննդյան նախօրեին Dalton-ի գրավման մասին զեկույցին կցված նյութը։ Փաստաթուղթը նշված էր պարզապես որպես «ևս մեկ թուղթ», սակայն այն բացելով՝ Սքերը տեսել է «Հռչակագիր» վերնագիրը։

Արխիվի տվյալներով՝ հայտնաբերված օրինակը պատկանում է այսպես կոչվող «Էքսեթերյան հրատարակությանը»՝ Հռչակագրի առաջին տպաքանակներից մեկին, որը տպագրվել է Էքսեթերում (Նյու Հեմփշիր) 1776 թվականի հուլիսի 16-19-ն ընկած ժամանակահատվածում։ Հայտնի է նման ընդամենը 11 պատճեն, և հայտնաբերված փաստաթուղթն առաջինն է, որը գտնվել է ԱՄՆ-ից դուրս։

Գտածոյին առանձնահատուկ արժեք է հաղորդում այն, որ փաստաթուղթն առգրավվել է մի նավից, որը գործում էր Մայրցամաքային կոնգրեսի հանձնարարությամբ։ Dalton-ի կապիտանին տրված հրամանները ստորագրված էին կոնգրեսի նախագահ Ջոն Հենքոքի կողմից, նշել է Ազգային արխիվի նախագծի ղեկավար Ամանդա Բիվանը։ Նրա խոսքով՝ փաստաթուղթը կարող էր օգտագործվել անձնակազմի համար ընթերցելու նպատակով՝ ներկայացնելով այն նպատակներն ու իդեալները, որոնց համար մղվում էր պայքարը։

18 թնդանոթով զինված Dalton-ը մասնավոր կապերական նավ էր, որը նպատակ ուներ ուժեղացնել երիտասարդ հանրապետության փոքր նավատորմը։ 1776 թվականի դեկտեմբերի 24-ին նավը գրավվել է Պորտուգալիայի ափերի մոտ բրիտանական 64 թնդանոթանի HMS Raisonnable-ի կողմից՝ յոթժամյա հետապնդումից հետո։ 120 հոգուց բաղկացած անձնակազմն ուղարկվել է Փլիմութ, որտեղ պահվել է ծանր պայմաններում։

Ամերիկացի պատմաբանները ևս գտածոն կարևոր են համարում։ Ֆիլադելֆիայի Ամերիկյան հեղափոխության թանգարանի հավաքածուների գծով տնօրեն Մեթյու Սքիքի խոսքով՝ փաստաթուղթը «շոշափելի կապ է անցյալի հետ» և անմիջականորեն կապված է Dalton-ի կապիտանի հետ, որը տարածել է ԱՄՆ անկախության լուրը։

Source: https://news.am/hy/news/1047540