Ամերիկյան Greenland Energy ընկերությունը հայտարարել է Գրենլանդիայում նավթի հետախուզում սկսելու մտադրության մասին՝ պնդելով, որ այդ տարածքում կարող են գտնվել միլիարդավոր բարել նավթ, գրում է The Guardian-ը:

Ընկերության ներկայացուցիչները տեղի բնակիչներին հայտնել են, որ ակնկալում են սարքավորումները տեղ հասցնել արդեն աշնանը և հորատման աշխատանքները սկսել հոկտեմբերին:

Սակայն Գրենլանդիայի բնական պաշարների նախարարությունից հայտարարել են, որ ընկերությունը չունի գործող թույլտվություններ ո՛չ նախապատրաստական աշխատանքների, ո՛չ էլ հետախուզական հորատման համար: Իշխանություններն ընդգծել են, որ որևէ աշխատանք չի կարող սկսվել առանց պաշտոնական հավանության:

Նախագծի նկատմամբ հետաքրքրությունն ուժեղանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությունների ֆոնին, թե անհրաժեշտ է վերահսկողություն սահմանել Գրենլանդիայի նկատմամբ: Գրենլանդիայի հարցերով նրա հատուկ ներկայացուցիչ, Լուիզիանայի նահանգապետ Ջեֆ Լենդրին ավելի վաղ պնդում էր, որ այդ տարածքն ունակ է օրական մինչև 2 միլիոն բարել նավթ արդյունահանել:

Greenland Energy-ն նախատեսում է մոտ 60 միլիոն դոլար ներդնել Ջեյմսոն-Լենդ շրջանում երկու հետախուզական հորատանցքերի փորման համար, որտեղ երկրաբանական հետախուզման արտոնագրերին տիրապետում է բրիտանական 80 Mile ընկերությունը: Ընդ որում, հենց ինքը՝ Greenland Energy-ն ընդունում է, որ նախագծի իրականացումը կախված է Գրենլանդիայի կառավարության թույլտվությունները ստանալուց:

Ընկերության ծրագրերը մտահոգություն են առաջացնում ոչ միայն քաղաքական, այլև բնապահպանական պատճառներով: Հորատման ենթադրյալ վայրը գտնվում է Ռամսարի կոնվենցիայով պաշտպանվող գոտում, որտեղ ապրում են խոյացուլեր և թռչունների հազվագյուտ տեսակներ: Բնապահպանները նախազգուշացնում են, որ նավթի հետախուզումը կարող է վնասել տարածաշրջանի եզակի էկոհամակարգին:

Վերջին ամիսներին Greenland Energy-ի շուրջ ձևավորվել է ներդրողների և գործընկերների մի շրջանակ, որոնք կապված են Թրամփի շրջապատի հետ: Նրանց թվում են միլիարդատեր Քեն Գրիֆինը, հեռուստահաղորդավար Դոկտոր Ֆիլը (Ֆիլ Մաքգրոու), որը վավերագրական սերիալ է նկարահանում նախագծի մասին, ինչպես նաև ամերիկյան ռազմական բիզնեսի ներկայացուցիչներ: Ընկերությունը, միաժամանակ, հայտարարում է, որ իր գործունեությունը Գրենլանդիայի վերաբերյալ Վաշինգտոնի քաղաքական նախաձեռնությունների հետ առնչություն չունի:

Source: https://news.am/hy/news/1048923