ԱՄՆ-ում Անկախության օրվա տոնակատարությունն այս տարի անցնում է հակադրությունների պայմաններում․ նահանգների մի մասը հրաժարվում է հրավառությունից՝ անտառային հրդեհների վտանգի պատճառով, մինչդեռ խոշոր քաղաքները, հակառակը, ընդլայնում են տոնական միջոցառումները, հայտնել է CBS News-ը։
Կոլորադոյում միանգամից մի քանի բնակավայրեր, ներառյալ Կոլորադո Սփրինգսը, Դուգլաս օկրուգը, Արվադան, Դուրանգոն և Վեյլը, չեղարկել են ավանդական հրավառությունները։ Որոշումը պայմանավորված է չորային պայմաններով, ուժեղ քամիներով և նահանգի հարավում շարունակվող անտառային հրդեհներով, որտեղ կրակն արդեն ոչնչացրել է տասնյակ տներ և հանգեցրել նոր տարհանումների։ Իշխանությունները նշում են հրդեհների հետագա տարածման բարձր ռիսկի մասին։
Այս ֆոնին Նյու Յորքը, ընդհակառակը, ընդլայնում է տոնական ծրագիրը։ Քաղաքում այս տարի առաջին անգամ միաժամանակ կօգտագործվեն Macy’s-ի հրավառության երկու հարթակներ՝ Իսթ Ռիվերի և Հադսոն Ռիվերի երկայնքով, ինչը պետք է շոուն դարձնի ամենախոշորը վերջին տարիներին։ Ծրագիրը լրացնում է առագաստանավերի մեծ շքերթը, որը կազմակերպիչներն անվանում են քաղաքի պատմության մեջ ամենախոշորը։
Այսպիսով, ԱՄՆ հոբելյանական տոնակատարությունները միաժամանակ անցնում են երկու իրականությունում․ մի տեղ տոնական հրավառությունը չեղարկում են անվտանգության համար, մեկ տեղ այն վերածում էլ ավելի մասշտաբային տեսարանի։
Source: https://news.am/hy/news/1047850