Ամերիկացի կոնգրեսական, դեմոկրատ Ռո Խաննան հայտարարել է, որ Հորդանան գետի Արևմտյան ափ կատարած այցի ժամանակ իր խմբին շրջապատել են ամերիկյան M4 հրացաններով զինված իսրայելցի վերաբնակները։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Կալիֆորնիա նահանգը ներկայացնող կոնգրեսականի խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել Արևմտյան ափի հարավում գտնվող պաղեստինյան Խիրբեթ Զանուտա գյուղ այցելության ժամանակ, որտեղ, ըստ նրա, տեղի բնակիչները պարբերաբար ենթարկվում են վերաբնակների հարձակումներին։
«Մենք գտնվում էինք մի գյուղում, որն իսրայելցի վերաբնակները ավերել էին՝ նրանք ոչնչացրել էին դպրոցն ու գյուղը։ Այդ պահին հայտնվեցին M4 ավտոմատներով՝ ամերիկյան արտադրության զենքով մարդիկ և փակելով ճանապարհը՝ թույլ չտվեցին մեզ հեռանալ», — պատմել է Խաննան։
Նրա օգնական Քեմերոն Կասկիի խոսքով՝ խումբը ավելի քան մեկ ժամ գտնվել է նրանց հսկողության տակ և օգնության համար դիմել Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատուն։ Ավելի ուշ միջամտել են ոստիկանության աշխատակիցները, ինչից հետո պատվիրակության անդամներին բաց են թողել։
Իսրայելական բանակը հայտարարել է, որ զինվորականներն ու ոստիկանները դեպքի վայր են ժամանել Խիրբեթ Զանուտայի շրջանում ավտոմեքենաների տեղաշարժն արգելափակելու մասին ահազանգից հետո։ Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) տվյալներով՝ իրենց միջամտությունից հետո Իսրայելի քաղաքացիները ցրվել են, և տրանսպորտը կարողացել է շարունակել ճանապարհը։
Հաննան, ում համարում են 2028 թվականի նախագահական ընտրարշավի հնարավոր հավակնորդներից մեկը, հայտարարել է, որ այս այցն ավելի է ամրապնդել Մերձավոր Արևելքի իրավիճակի վերաբերյալ Դեմոկրատական կուսակցության մոտեցումները վերանայելու իր մտադրությունը։
«Եթե պատրաստ չես պաշտպանել պաղեստինցիների իրավունքները և հանդես գալ Գազայում ու Արևմտյան ափին տեղի ունեցող իրադարձությունների դեմ, դա արդեն իսկ բարոյականության հարց է դառնում», — ասել է կոնգրեսականը։
Պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի վարած քաղաքականության թեման ԱՄՆ-ում գնալով ավելի մեծ տարակարծությունների տեղիք է տալիս։ Դեմոկրատների մի մասը կողմ է հանդես գալիս Իսրայելին տրամադրվող ռազմական օգնության սահմանափակմանը, մինչդեռ հանրապետականները հիմնականում շարունակում են պաշտպանել Թել Ավիվի հետ սերտ հարաբերությունները։
Source: https://news.am/hy/news/1049277