Ամերիկյան պաշտպանական ստարտափի և սաուդյան ընկերության համատեղ ձեռնարկությունը Էր Ռիադի մերձակայքում կառուցում է մարտական անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) արտադրության գործարան։ Նոր ԱԹՍ-ները նախագծված են իրանական Shahed համակարգի օրինակով, որը վերջին ամիսներին ակտիվորեն կիրառվում էր Պարսից ծոցի երկրներին հարվածներ հասցնելու համար, հայտնում է Semafor-ը։

Նախագիծն իրականացնում է SR2Vector ընկերությունը՝ ամերիկյան Vector Defense-ի (Յուտա նահանգ) և սաուդյան SR2 Defense Systems ստարտափի միջև վերջերս ստեղծված դաշինքը։ Գործարանը կզբաղվի Vector-ի մշակած SKYWASP անվանումով կամիկաձե դրոնի (թափառող զինամթերքի) թողարկմամբ։ Այս անօդաչու թռչող սարքն ունակ է խոցել թիրախներ մինչև 1500 կիլոմետր հեռավորության վրա, ինչը մոտավորապես համապատասխանում է թագավորության հյուսիսարևելյան ափից մինչև Թեհրան ընկած հեռավորությանը։

«SKYWASP ծրագիրն ունակ է հավասարեցնել խաղի կանոնները և զգալիորեն բարձրացնել Սաուդյան Արաբիայի զսպման ներուժը»,- Semafor-ին տված հարցազրույցում հայտարարել է SR2 ընկերության ռազմավարության գծով տնօրեն և համահիմնադիր Լյուսիեն Զիգլերը։

Զիգլերը արտադրության կոնկրետ ծավալներ չի նշել, սակայն ընդգծել է, որ գործարանը կարտադրի «օպերատիվ նշանակալի քանակությամբ դրոններ, որոնք համապատասխանում են սպառնալիքների զսպման թագավորության ռազմավարական կարիքներին»։ Նա հրաժարվել է նաև բացահայտել արտադրության գործարկման ժամկետները և ներդրումների ճշգրիտ ծավալը։

SR2Vector անօդաչուները նախատեսվում է մատակարարել ինչպես Սաուդյան Արաբիայի ներքին շուկա, այնպես էլ արտահանել դաշնակից պետություններ։ Նախագծի ֆինանսավորումը կապահովի MASNA Ventures պաշտպանական-տեխնոլոգիական հիմնադրամը, որի ձևավորմամբ այժմ զբաղվում է Զիգլերը։

Source: https://news.am/hy/news/1038298