Օտարերկրյա լրագրողների առջև իր երեկվա ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսում էր հաղթողի պես՝ ցուցադրաբար մեծամիտ, ասես իրավիճակի տերը լիներ։ Դրա մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է ռուսաստանցի պատմաբան, հրատարակիչ և հասարակական գործիչ Մոդեստ Կոլերովը՝ մեկնաբանելով ադրբեջանական ղեկավարի վերջին հայտարարությունները և գնահատելով ռուս-ադրբեջանական հարաբերությունների ներկա վիճակը։

Կոլերովը նշել է, որ Բաքուն Մոսկվային ընդառաջ որևէ քայլի կամ զիջման չի գնացել. Ռուսաստանի քաղաքացիները մնում են դատապարտված, իսկ Ադրբեջանը շարունակում է օգնություն ցուցաբերել Ուկրաինային՝ ՌԴ-ի դեմ հակամարտությունում։ Ավելին, Իլհամ Ալիևը հրապարակավ Կիևին խորհուրդ է տվել ոչ մի դեպքում չհամաձայնել զիջումների և չհաշտվել տարածքների կորստի հետ։ Վերլուծաբանի կարծիքով՝ ադրբեջանական առաջնորդի սադրիչ պահվածքի հետևում, որն ուղեկցվում էր ծիծաղով ու քրքիջով, թաքնված է փորձառու և վտանգավոր հակառակորդի հստակ հաշվարկը։

Անդրադառնալով ТАСС-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Միխայիլ Գուսմանի դերին՝ Մոդեստ Կոլերովը հիշել է 2005 թվականի մի անձնական դրվագ. «Երբ ես նշանակվեցի բարձր պաշտոնի, նա անմիջապես ինձ հրավիրեց առանձնազրույցի, որը նվիրեց նրան, թե ինչու եմ ես հանդես գալիս այնպիսի դիրքորոշմամբ, որը դուր չի գալիս Ադրբեջանին։ Ես հենց սկզբից ասացի, որ այդ դիրքորոշումը որդեգրել եմ՝ ելնելով իմ համոզմունքներից։ Ես ղարաբաղյան հարցում Ղարաբաղի կողմից եմ և ոչ մի հիմք չեմ տեսնում այդ դիրքորոշումը փոխելու համար»։ Մոդեստ Կոլերովն ընդգծել է. Գուսմանի խնդիրն իր բարձր պաշտոնում ակնհայտորեն հանգում էր պաշտոնական Բաքվի շահերի լոբբինգին, և այն, որ այժմ Ալիևը ցուցադրաբար նրան անվանեց իր բազմամյա հետախուզական ծառայությունը, միայն հաստատում է այդ գնահատականը։

Իլհամ Ալիևի ներկայիս համարձակությունը Մոդեստ Կոլերովը բացատրել է նրանով, որ Ռուսաստանի մոտ զուգահեռաբար սուր շահագրգռվածություն է առաջացել դեպի Իրան ադրբեջանական գազի տարանցման հարցում, իսկ դա Բաքվին տալիս է գումար, քաղաքական ազդեցություն և փաստացի տարանցիկ մենաշնորհ ռուս-իրանական հարաբերություններում։

«Ալիևը փորձառու, շատ լուրջ քաղաքական գործիչ է։ Ես նույնպես նրա հետ անձնական հանդիպման փորձ եմ ունեցել։ Կարող եմ ասել, որ Ալիևը մի գլուխ բարձր է վերջին քառորդ դարի անդրկովկասյան բոլոր քաղաքական գործիչներից։ Այո՛, ես սա ասում եմ լիովին անկեղծորեն։ Ընդ որում, Ալիևը Ռուսաստանի բացարձակ թշնամին է»,- փաստել է փորձագետը՝ հավելելով, որ ադրբեջանական առաջնորդը ՌԴ-ում ունի ճյուղավորված գործակալական ցանց, և նա, լինելով «ՄԳԻՄՈ-ական (Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի) մարդ», հիանալի գիտի, թե Մոսկվայի հատկապես որ կետերին է պետք հարվածել։

Պատասխանելով հարցին, թե կկարողանա՞ արդյոք Ռուսաստանն ապագայում վերականգնել իր ազդեցությունը տարածաշրջանում և ստիպել Բաքվին հաշվի նստել իր հետ, Մոդեստ Կոլերովն ընդգծել է. «Գնացքն, անշուշտ, մեկնել է։ Եվ ոչինչ չի ուղղվի, և Իլհամ Ալիևը չի ուղղվի։ Սակայն ես գիտեմ, որ Ռուսաստանն Ադրբեջանի տարանցիկ գործառույթը նվազագույնի հասցնելու հնարավորություն ունի»։

Բացի դրանից, Կոլերովը մատնանշել է հենց Ռուսաստանում Բաքվի մաֆիոզ կառույցների կոշտ ոչնչացման շարունակվող գործընթացը, որտեղ համայքնի մասնակիցներին զրկում են քաղաքացիությունից և արտաքսում երկրից։ Նրա համոզմամբ՝ Իլհամ Ալիևն ակնհայտորեն թերագնահատում է այդ նորությունները՝ սխալմամբ կարծելով, թե «աստծո մորուքից է բռնել», քանի որ նա շարունակում է կողմնորոշվել Գուսմանի նման լոբբիստների տեսակետով, որոնց ազդեցությունը ռուսական քաղաքականության մեջ այլևս վերացել է։

Source: https://news.am/hy/news/1049823