Հուլիսի 8-ի գիշերը ամերիկացի զինվորականների կողմից Իրանին հասցված զանգվածային հարվածները ապրիլին կնքված հրադադարից ի վեր դարձել են ամենամասշտաբայինը, հայտնել է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը՝ վերլուծելով ԱՄՆ-ի ռազմական գործողությունը։

Այս պահին հեռուստաալիքին հայտնի է, որ առնվազն երեք քաղաք և դրանցում գտնվող բազմաթիվ օբյեկտներ մեկ գիշերվա ընթացքում ենթարկվել են ամերիկյան զորքերի հարվածներին։ Քեշմ կղզին եղել է հիմնական թիրախներից մեկը։ Այնտեղ խոցվել է առնվազն յոթ օբյեկտ։ Հորմուզի նեղուցի ափին գտնվող Սիրիկ քաղաքը նույնպես ենթարկվել է հարվածների, դրա մերձակայքում հարձակման է ենթարկվել վեց օբյեկտ։ Հեռուստաալիքի տվյալներով՝ Բենդեր-Աբբաս նավահանգստում խոցվել է 10 օբյեկտ, այդ թվում՝ հեռահաղորդակցության աշտարակներ։

ԱՄՆ զինված ուժերի Մերձավոր Արևելքի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) ավելի վաղ հայտարարել էր, որ ամերիկացի զինվորականները «բարձր ճշգրտության զինամթերքով խոցել են ավելի քան 80 թիրախ՝ որպես անհապաղ պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի վրա իրանական վերջին հարձակումներին»։

«Ամերիկյան ուժերը հարվածներ են հասցրել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին, կառավարման և վերահսկման ցանցերին, առափնյա ռադիոլոկացիոն կայաններին, նավահակահրթիռային համալիրներին և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավելի քան 60 փոքր նավակներին Հորմուզի նեղուցում և դրա մերձակայքում՝ թուլացնելու Իրանի կարողությունը շարունակելու հարձակումները միջազգային առևտրի դեմ, որն անցնում է միջազգային առևտրային միջանցքով», - հայտնել է CENTCOM-ը։

Axios-ը, հղում անելով ամերիկացի պաշտոնյայի, հայտնել է, որ ԱՄՆ զինված ուժերի հարվածները Հորմուզի նեղուցի շրջանում գտնվող իրանական օբյեկտներին չորեքշաբթի գիշերը եղել են չորս-հինգ անգամ ավելի մասշտաբային, քան 10 օր առաջ։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է Իրանի ռազմական պատասխանի մասին՝ նշելով, որ իրանական ռազմածովային և ռազմաօդային ուժերը համատեղ գործողություն են իրականացրել՝ բալիստիկ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հարվածներ հասցնելով Պարսից ծոցի շրջանում ամերիկյան ռազմական բազաների 85 օբյեկտների։ ԻՀՊԿ-ն պնդում է, որ պատասխան հարվածները, մասնավորապես, ուղղված են եղել Բահրեյնում ԱՄՆ ռազմածովային ուժերի 5-րդ օպերատիվ նավատորմի բազային և Քուվեյթում Ալի Ալ-Սալեմ ավիաբազային։ Բացի այդ, ԻՀՊԿ-ն պնդում է, որ հակաօդային պաշտպանության միջոցները Իրանի հարավում խոցել են ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարք։

Source: https://news.am/hy/news/1048526