Կիրակի երեկոյան Պակիստանի ռազմաօդային ուժերի ավիահարվածի հետևանքով Աֆղանստանի Պակտիա, Պակտիկա և Կունար նահանգներում կան զոհեր խաղաղ բնակչության շրջանում, երկուշաբթի X սոցիալական ցանցում իր էջում հայտնել է Աֆղանստանի գերագույն առաջնորդի խոսնակ Զաբիհուլլահ Մուջահիդը։
«Անցած գիշեր Պակիստանը ռմբակոծել է Պակտիկա նահանգի Գիյան գավառը, Պակտիա նահանգի Ցամկանի գավառը և Կունար նահանգի Մարավար գավառը։ Այդ հարձակումների հետևանքով տասնյակ խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ կանայք և երեխաներ, սպանվել և վիրավորվել են»,- գրել է Մուջահիդը։
Խոսնակը Պակիստանի գործողությունները որակել է որպես «վախկոտ, ագրեսիվ և բարբարոսական հանցագործություն»՝ դատապարտելով դրանք։
Մուջահիդը նաև հիշեցրել է, որ այս տարվա հունիսի 8-ին Պակիստանի ռազմաօդային ուժերը նույնպես ռմբակոծել էին խաղաղ բնակիչների տները Կունարում, Խոստում և Պակտիկայում, ինչի հետևանքով 13 մարդ, այդ թվում՝ 11 երեխա, զոհվել էր, իսկ 14 կին և երեխա վիրավորվել էին։
Ավելի վաղ Պակիստանի տեղեկատվության նախարար Աթթաուլլահ Թարարը հայտնել էր, որ երկրի անվտանգության ուժերը Պակիստանի և Աֆղանստանի սահմանի երկայնքով իրականացրել են լավ ծրագրված ցամաքային գործողություն, որին հաջորդել են սահմանամերձ շրջանում ահաբեկիչների ապաստարանների ուղղությամբ թիրախային հարվածներ։
Source: https://news.am/hy/news/1046541