ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին Իրանին կոչ է արել «վերսկսել փոխգործակցությունը»՝ այն օբյեկտներում տեսչական ստուգումները վերականգնելու համար, որոնք ԱՄՆ-ն և Իսրայելը ռմբակոծել էին մեկ տարի առաջ, հաղորդում է Reuters-ը։

Դրան զուգահեռ՝ ԱՄՆ-ը գլխավորել է գործակալության կառավարիչների խորհրդում համապատասխան բանաձևի ընդունման արշավը։

Թեհրանն առ այսօր Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ԱԷՄԳ) տեղեկություններ չի տրամադրել այն մասին, թե ինչ է տեղի ունեցել հարձակման ենթարկված միջուկային օբյեկտներում, ինչպես նաև այնտեղ գտնվող միջուկային նյութի, դրանց թվում՝ մինչև զենքային մակարդակի մոտ հարստացված ուրանի ճակատագրի վերաբերյալ։

«Մեզ համար չափազանց կարևոր է վերսկսել փոխգործակցությունը,- հայտարարել է Գրոսին՝ դիմելով ԱԷՄԳ-ի Կառավարիչների խորհրդին, որը բաղկացած է 35 երկրներից, նրա եռամսյակային նիստի առաջին օրը։- Ես Իրանին կոչ եմ անում կառուցողական փոխգործակցություն ունենալ Գործակալության հետ՝ Իրանում երաշխիքների լիարժեք և արդյունավետ իրականացմանը նպաստելու նպատակով,- հավելել է նա խորհրդին ուղղված առանձին գրավոր հայտարարության մեջ (ԱԷՄԳ-ի գործելաոճում «երաշխիքներ» եզրույթը ներառում է տեսչական ստուգումների անցկացումը)։

ԱԷՄԳ-ն ընտրողական ստուգումներ էր անցկացնում այն օբյեկտներում, որոնք չէին ենթարկվել ռմբակոծությունների, սակայն փետրվարին գերատեսչությունը անվտանգության նկատառումներով կասեցրեց այդ գործունեությունը՝ ռազմական հարվածների վերսկսման պատճառով։ Այդ ժամանակից ի վեր տեսուչներն այցելել են միայն Իրանում գործող Բուշերի ատոմակայան (ԱԷԿ)։

«Ես երբեմն շփումներ ունեմ արտգործնախարարի և այլ պաշտոնյաների հետ, սակայն, ըստ էության, կապի խողովակը խզված է»,- խորհրդի առջև իր ելույթից հետո անցկացված մամուլի ասուլիսում արձանագրել է Գրոսին։

Միևնույն ժամանակ, եվրաեռյակը՝ ԱՄՆ-ն՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի (E3) պաշտոնական աջակցությամբ, նախաձեռնել է բանաձևի առաջմղումը։ Կառավարիչների խորհուրդը դրա օգտին պետք է քվեարկի այս շաբաթվա վերջին։ Փաստաթուղթը Իրանին հրահանգում է «անհապաղ» «ճշգրիտ տեղեկություններ» տրամադրել ռմբակոծված օբյեկտների և հարստացված ուրանի մասին։

Թեև դիվանագետները պնդում են, որ բանաձևն, ամենայն հավանականությամբ, կընդունվի ձայների զգալի մեծամասնությամբ (ինչպես և նմանատիպ փաստաթուղթը անցյալ տարվա նոյեմբերին), այդ քայլը ռիսկ է պարունակում բարդացնելու ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցությունները։ Այդ շփումներն ուղղված են հրադադարի ռեժիմի երկարաձգմանը և կոչված են հող նախապատրաստելու ավելի լայն երկխոսության, դրանց թվում՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ։

«Միջազգային իրավախախտ արարքի պատասխանատվությունը կրում է մեղավորը և չի կարող փոխանցվել զոհին։ Խորհուրդը չպետք է վերածվի գործիքի՝ այդ հարձակումներն իրականացնողներին պատասխանատվությունից ազատելու համար»,- X սոցիալական ցանցում բանաձևի նախագիծը մեկնաբանելիս հայտարարել է ԱԷՄԳ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը՝ հիշեցնելով, որ միջուկային օբյեկտներին հարվածներ է հասցրել ԱՄՆ-ը։

«Խորհուրդը պետք է զգուշություն ցուցաբերի իր հետագա գործողություններում։ Հարկադրանքն ու դիմակայությունը չեն տանում դեպի համագործակցություն։ Դա խարխլում է դիվանագիտական կարգավորման հեռանկարները»,— հավելել են իրանական առաքելությունից։

Source: https://news.am/hy/news/1042096