ԱՄՆ բանակում հայտնել են, որ տասնամյակներ անց հաջողվել է պարզել ԱՄՆ ռազմաօդային ուժերի 21-ամյա օդաչուի ճակատագիրը, որն անհետ կորել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Թաիլանդի և Բիրմայի տարածքների վրայով հետախուզական առաքելության ընթացքում, հայտնում է CBS News-ը։

Առաջին լեյտենանտ Ֆրանկլին ՄըքՔինին ծառայում էր որպես օդաչու ԱՄՆ 14-րդ օդային բանակի 35-րդ լուսանկարչական հետախուզական էսկադրիլիայում, որը հայտնի էր «Ռեդհոքս» մականվամբ։ 1944 թվականի նոյեմբերի 5-ին նա Չինաստանի Յուննան-ի բազայից թռել էր Բիրմայի և Թաիլանդի վրայով օդային հետախուզություն իրականացնելու առաջադրանքով։ Թռիչքից հետո նրա F5E-2-LO Lightning ինքնաթիռի հետ կապը կորել էր, և նա չէր վերադարձել բազա։ Այն ժամանակ կործանման վայրը հայտնաբերել չհաջողվեց, իսկ օդաչուն պաշտոնապես ճանաչվեց անհետ կորած. նրա անունը հավերժացվել էր Ֆիլիպիններում՝ Մանիլայի ամերիկյան գերեզմանատան Անհետ կորածների պատին։

Տասնամյակներ անց որոնումները վերսկսվեցին նոր տվյալների հիման վրա։ Մասնավորապես, Թաիլանդի ռազմաօդային ուժերի թանգարանի արխիվներում պահվում էր մի զեկույց, ըստ որի՝ ՄըքՔինիի անհետացման օրն ինքնաթիռը կարող էր հարված ստանալ կայծակից և կործանվել Լամպանգ նահանգի անտառապատ տարածքում։ 2018 թվականին հետազոտողները հայտնաբերեցին անկման ենթադրյալ վայրը բրնձի դաշտերի շրջանում, իսկ 2019 և 2021 թվականներին ռազմագերիների և անհետ կորածների հաշվառման ամերիկյան գործակալության մասնագետներն իրականացրին դրա ստուգումը։

2022 թվականին տեղանքում իրականացվեցին պեղումներ, որոնց ընթացքում հնարավոր մարդկային աճյունի մնացորդներ հայտնաբերվեցին։ Աճյունի մնացորդներն ուղարկվեցին լաբորատորիա, որտեղ դատաբժշկական փորձաքննության ժամանակակից մեթոդների կիրառմամբ հաջողվեց հաստատել դրանց պատկանելությունը ՄըքՔինիին։

Այժմ օդաչուի ընտանիքը պաշտոնապես կտեղեկացվի նույնականացման արդյունքների մասին։ Նրա անունը կլրացվի հուշանշանով, իսկ աճյունի մնացորդները կփոխանցվեն զինվորական պատիվներով հուղարկավորելու համար։

Source: https://news.am/hy/news/1047470