Այս տարի Գերմանիայի արդյունաբերության ոլորտում կարող է մինչև 100 հազար աշխատատեղ կրճատվել, քանի որ գնալով ավելի շատ ընկերություններ են իրենց բիզնեսը տեղափոխում արտերկիր։ Այս մասին հայտնում է «Handelsblatt» թերթը՝ հղում անելով «Horváth» խորհրդատվական ընկերության հետազոտությանը։
Շուրջ 1000 ընկերությունների շրջանում անցկացված հարցման համաձայն՝ նրանց 60%-ը ծրագրում է հետագայում ևս կրճատել աշխատատեղերը։ Հարցման ընթացքում ընկերությունները տեղեկություններ են ներկայացրել 2026-2030 թվականների իրենց ռազմավարության վերաբերյալ։
«Հետազոտության արդյունքների վրա հիմնված հաշվարկների համաձայն՝ արդեն 2026 թվականին արդյունաբերության մեջ կարող է փակվել ևս մինչև 100 հազար աշխատատեղ՝ հատկապես ավտոմոբիլաշինության, մեքենաշինության և շինարարության ոլորտներում»,- գրում է թերթը։
Ինչպես նշում է պարբերականը, այս փոփոխությունները պայմանավորված են նոր աշխարհաքաղաքական ռիսկերով, տնտեսական աճի կանխատեսումներով և ներքին շուկայի թերություններով։
«Գերմանիայի՝ որպես արտահանող երկրի մոդելը տասնամյակներ շարունակ հաջողություն է բերել։ Այժմ այն սպառում է իրեն»,- հայտարարել է «Horváth»-ի գործընկեր Ռալֆ Զաուտերը, ով համակարգել է հարցումը։
Նրա խոսքով՝ ինչպես արտադրությունը, այնպես էլ հետազոտություններն ու մշակումները (R&D) գնալով ավելի շատ են սփռվելու ամբողջ աշխարհով մեկ։
Հարցված ընկերությունների միայն 16%-ն է ծրագրում ավելացնել աշխատակիցների թիվը Գերմանիայում։ Ընդ որում, գրեթե յուրաքանչյուր արդյունաբերական ձեռնարկություն նախատեսում է մինչև 2030 թվականն ընդլայնել իր ներկայությունը Հնդկաստանում։ Ընկերությունների մեծ մասը ծրագրում է նոր աշխատատեղեր ստեղծել նաև Չինաստանում, Հյուսիսային Ամերիկայում, Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում և Ասիայի այլ երկրներում։
«EY» խորհրդատվական ընկերության տվյալներով՝ 2026 թվականի առաջին եռամսյակի վերջի դրությամբ արդյունաբերության ոլորտում զբաղվածների թիվն անցյալ տարվա մակարդակի համեմատ արդեն իսկ նվազել է 2,3%-ով, ինչի հետևանքով կորսվել է շուրջ 127,300 աշխատատեղ։ 2019 թվականից ի վեր Գերմանիայի արդյունաբերական հատվածում ընդհանուր առմամբ փակվել է 341,500 աշխատատեղ, և առաջիկայում այս միտումն էլ ավելի է խորանալու։
Source: https://news.am/hy/news/1046625