Եվրախորհրդարանի ավելի քան 180 պատգամավորներ հանդես են եկել գերմանական «Ալընտրանք Գերմանիայի համար» կուսակցությանն առնչվող «Ինքնիշխան ազգերի Եվրոպա» միջկուսակցական միավորման պաշտոնական ստուգում անցկացնելու նախաձեռնությամբ։ Դրա մասին հայտնում է Der Spiegel պարբերականը՝ հղում անելով խորհրդարանականների հայտարարության նախագծին։

Պարբերականի տվյալներով՝ Եվրոպական կուսակցությունների և քաղաքական հիմնադրամների հարցերով ԵՄ մարմինը (APPF) ավելի վաղ զեկույց էր ուղարկել եվրոպական կառույցներին՝ մատնանշելով միավորման ներկայացուցիչների կողմից ԵՄ պայմանագրերի հիմնարար դրույթների հնարավոր խախտման նշաններ։

Սոցիալ-դեմոկրատներին, ձախերին, կանաչներին և լիբերալներին ներկայացնող 181 եվրախորհրդարանականներից բաղկացած խումբը դիմում է պատրաստել՝ պահանջելով պաշտոնական հետաքննություն սկսել։ Ինչպես նշում է Der Spiegel-ը, նախաձեռնությանը աջակցում են նաև առանձին աջ կենտրոնամետ ուժեր, ուստի Եվրախորհրդարանում դրա հաստատման հավանականությունը բարձր է համարվում։

Խախտումների հաստատման դեպքում միավորումը կարող է զրկվել եվրոպական կուսակցության կարգավիճակից, ինչը հնարավորություն է տալիս ֆինանսավորում ստանալ ԵՄ բյուջեից։ Պարբերականի գնահատականներով՝ խոսքը կարող է վերաբերել տարեկան մի քանի միլիոն եվրոյի ֆինանսավորում կորցնելուն։

APPF-ի զեկույցում հնարավոր խախտումների թվում հիշատակվում են կապերը 2024 թվականին Սոֆիայում Եվրահանձնաժողովի ներկայացուչության շենքի հրկիզման և բողոքի ցույցերի հետ, ինչպես նաև հայտարարություններն ու նյութերը, որոնք կարող են կրել խտրական բնույթ կամ կասկածի տակ դնել նացիստական ռեժիմի հանցագործությունները։

«Կանաչներ» կուսակցությունից Եվրախորհրդարանի պատգամավոր Դանիել Ֆրոյնդը հայտարարել է, որ խոսքը ԵՄ հիմնարար արժեքների խախտման և այն քաղաքական ուժերին ֆինանսավորումից զրկելու անհրաժեշտության մասին է, որոնք չեն պահպանում սահմանված կանոնները։

Source: https://news.am/hy/news/1046681