«Ռետինե հավով» այս անհամ կատակերգության մեջ զվարճալի ոչինչ չկա։

Տեխասի երկու բնակիչ դատի են տվել Popeyes արագ սննդի ռեստորանների ցանցին և դրա մայր ընկերությանը՝ Restaurant Brands International-ին, այն բանից հետո, երբ տապակած հավի կտորի մեջ հայտնաբերել են «պահպանակի նման առարկա», գրում է NYP-ը։

«Լատեքսային հայցը» ներառում է յոթ կետ՝ անփութության և Տեխասի «Սպառողների պաշտպանության անբարեխիղճ առևտրային գործելակերպից» օրենքի (DTPA) խախտման վերաբերյալ, որը քաղաքացիներին պաշտպանում է կեղծ կամ մոլորեցնող բիզնես գործելակերպից։

1,5 միլիոն դոլարի հայցը Տեխասում ներկայացրել են Ջասթին Հովարդը (Justin Howard) և Դանիել ՄակՔինոնը (Danielle McKinnon)։ Հայցվորները պահանջում են 1,5 միլիոն դոլարի վնասի հատուցում։ Զույգը պնդում է, որ մոտավորապես հուլիսի 25-ին հավ են պատվիրել Popeyes-ի՝ Տեխասում գտնվող մասնաճյուղերից մեկում։

Ըստ հայցադիմումի՝ Հովարդը կծել է հավի մի կտոր և հայտնաբերել այն, ինչ նման էր «օտար առարկայի՝ պահպանակի նման, որը ուղիղ ներթափանցված էր թռչնամսի մեջ»։ Սնունդ ընդունելու ընթացքը միանգամից փչացել է՝ «այն, ինչ պետք է լիներ սովորական ընտանեկան ընթրիք, վերածելով խորապես անհանգստացնող և վախեցնող դեպքի», ասվում է փաստաթղթում։

Հովարդի մոտ սրտխառնոց է առաջացել այն բանից հետո, երբ գիտակցել է, որ մինչ առարկան հայտնաբերելը արդեն կուլ էր տվել ենթադրաբար աղտոտված սննդի մի մասը։ Տեխասի բնակիչները վերադարձել են ռեստորան, որտեղ ղեկավարությունը փորձել է փոխարինել փչացած հավը։

Հայցում նշվում է, որ պատվերի գումարը վերադարձվել է, բայց միայն «համառ պահանջներից հետո»։ Ինչպես նշվում է փաստաթղթում, տեխասցիները մտավախություն ունեն, որ ենթարկվել են վարակիչ աղտոտիչների, բակտերիաների, վիրուսների, արյան միջոցով փոխանցվող պաթոգենների, կենսաբանական հեղուկների, սեռավարակների կամ այլ վտանգավոր նյութերի ազդեցությանը։

Popeyes-ի ներկայացուցիչները The Post-ին էլեկտրոնային փոստով հայտնել են.

«Մենք ուսումնասիրել ենք ներքին տեսահսկման տեսագրությունները և եկել այն եզրակացության, որ, ամենայն հավանականությամբ, խմորի մեջ ընկել էր ռեստորանային ձեռնոց։ Այնուամենայնիվ, սա անընդունելի է, ուստի մենք վերադարձրել ենք հյուրի գումարը և ներողություն խնդրել։ Սա չի արտացոլում այն բարձրակարգ սպասարկման մակարդակը, որին մենք ձգտում ենք Popeyes-ում»։

Միջադեպի հոգեբանական հետևանքները չեն սահմանափակվել ռեստորանի պատերով։ Հովարդն ու ՄակՔինոնը շարունակում են զգալ «իրական ֆիզիկական, մտավոր և հուզական ցավ և վնաս», որոնք անարդարացիորեն հասցվել են իրենց։

Source: https://news.am/hy/news/1055881