Կանադան ակնկալում է Թուրքիայում անցկացվելիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հայտարարել նոր միջազգային պաշտպանական բանկի շուրջ տասը հիմնադիր երկրների մասին, որը պետք է դառնա դաշնակիցների ֆինանսական բազայի ամրապնդմանն ուղղված ջանքերի մի մասը. հայտնում է Reuters-ը՝ հղում անելով կանադացի գլխավոր բանակցողին։

Նախաձեռնությունը, որն առաջ է մղում Կանադայի վարչապետ Մարկ Կարնին, նախատեսում է ստեղծել մի կառույց՝ Defence, Security and Resilience Bank (DSRB, Պաշտպանության, անվտանգության և դիմակայունության բանկ), որը նպատակաուղղված է դաշնակից երկրների պաշտպանության և անվտանգության կարիքների համար մինչև 100 միլիարդ դոլարի արտոնյալ ֆինանսավորում ներգրավելուն։

Ըստ կանադացի ներկայացուցչի՝ ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովի առանցքային նպատակն է համաձայնեցնել այն պետությունների ցանկը, որոնք պատրաստ են հանդես գալ որպես հիմնադիրներ։ Նա նշել է, որ բանակցությունները շարունակվում են, իսկ մասնակիցների վերջնական կազմը դեռևս երաշխավորված չէ։

Ենթադրվում է, որ մասնակից երկրների սկզբնական շրջանակը հիմնականում կլինի եվրոպական՝ Կանադայի մասնակցությամբ։ Միևնույն ժամանակ չի բացառվում նախագծի ընդլայնումն ապագայում, քանի որ անդամակցությունը բաց կմնա նոր մասնակիցների համար։

Կանադայում հայտարարում են, որ բանկը պետք է ուժեղացնի դաշնակիցների պաշտպանական կարողությունները՝ շահավետ պայմաններով կապիտալի ներգրավման հաշվին։ Սակայն, ըստ բանակցողների, ամենաբարդ հարցը մնում է երկրների միջև ֆինանսական մասնակցության բաշխումը, որը կախված է նրանց տնտեսությունների չափսերից։

Մի շարք պետություններ, դրանց թվում՝ Հարավային Կորեան, արդեն իսկ հետաքրքրություն են ցուցաբերել նախաձեռնության նկատմամբ, սակայն վերջնական որոշումներ դեռևս չեն ընդունվել։ Որոշ առանցքային դաշնակիցներ, ներառյալ Մեծ Բրիտանիան և Գերմանիան, կա՛մ տարածություն են պահում նախագծից, կա՛մ քննարկումներին մասնակցում են սահմանափակ ձևաչափով։

Նախաձեռնությունը նաև մրցակցում է պաշտպանական ֆինանսավորման եվրոպական այլ ծրագրերի հետ, ինչը լրացուցիչ անորոշություն է ստեղծում դրա ապագա ճարտարապետության շուրջ։

Կազմակերպիչները հույս ունեն, որ Անկարայում անցկացվելիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կդառնա այն առանցքային կետը, որտեղ կստուգվի նախագծի գործարկման համար քաղաքական աջակցության բավարար լինելը։

Source: https://news.am/hy/news/1047497