Մոտ 100 հազար տարի առաջ Homo sapiens տեսակի մի տղամարդ, հավանաբար, սուր քարե գործիքով հարված է ստացել դեմքին, վերապրել է վնասվածքը, իսկ որոշ ժամանակ անց թաղվել է Քաֆզեհի քարանձավում։

Այս եզրակացությանն է եկել հնագետների միջազգային խումբը, որը ուսումնասիրել է հին մարդու մնացորդները։ Հետազոտողների կարծիքով՝ սա կարող է լինել սուր զենքի կիրառմամբ միջանձնային բռնության ամենավաղ հայտնի վկայությունը։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Scientific Reports ամսագրում։

Գիտնականները կրկին ուսումնասիրել են Qafzeh 25 անունով հայտնի տղամարդու գանգն ու ստորին ծնոտը՝ օգտագործելով միկրոսկոպիա և բարձր ճշգրտության միկրոհամակարգչային սկանավորում (micro-CT)։ Նրանք հայտնաբերել են բարակ կտրվածք ստորին ծնոտի ձախ կողմում, որը վնասել էր նախաաղորիքներից մեկը և վերին ծնոտի մի մասը։

Միաժամանակ ոսկորի վրա նկատվել են ապաքինման նշաններ, ինչը վկայում է, որ տուժածը վնասվածք ստանալուց հետո դեռ երկար ժամանակ ապրել է։

Քաֆզեհի քարանձավը համարվում է Աֆրիկայից դուրս վաղ ժամանակակից մարդկանց ամենակարևոր հուշարձաններից մեկը։ Մոտավորապես 145–92 հազար տարի առաջ այստեղ թաղվել է առնվազն 27 մարդ, ինչը այս համալիրը դարձնում է մեր տեսակի ներկայացուցիչների նպատակային հուղարկավորության ամենահին հայտնի վայրերից մեկը։

Ավելի վաղ այստեղ հայտնաբերված որոշ կմախքների վրա արդեն իսկ հայտնաբերվել էին գլխին հասցված բութ հարվածների հետքեր։ Սակայն Qafzeh 25-ի վնասվածքը տարբերվում է նրանով, որ այն հասցվել է սուր առարկայով։

Հետազոտողները նշում են, որ միջին պալեոլիթում նման վնասվածքները չափազանց հազվադեպ են հանդիպում։ Տեսականորեն դրանք կարող էին առաջանալ որսի ժամանակ, սակայն վնասվածքի տեղադրությունը ավելի շուտ խոսում է մարդկանց միջև տեղի ունեցած բախման օգտին։

Կտրվածքը գտնվում է դեմքի ձախ կողմում։ Դատաբժշկական տվյալների համաձայն՝ վնասվածքների նման բաշխումը բնորոշ է ժամանակակից ձեռնամարտի դեպքերին, երբ աջլիկ մարդը հարվածում է իր դիմաց կանգնած մարդուն։

Թե կոնկրետ ինչ գործիք է օգտագործվել, հնարավոր չէ պարզել։ Սակայն քարանձավում հայտնաբերվել են բազմաթիվ կայծքարե քերիչներ և սուր ծայրակալներ, որոնք կարող էին ծառայել որպես զենք կամ նիզակի ծայրեր։

Եթե հետազոտողների մեկնաբանությունը ճիշտ է, ապա հայտնաբերված վնասվածքը կդառնա սուր զենքով հասցված վնասվածքի՝ հնագիտությանը հայտնի ամենավաղ փաստագրված օրինակը։

Հետազոտության հեղինակները շեշտում են, որ գտածոն ոչ միայն վկայում է, որ միջանձնային բռնություն գոյություն է ունեցել արդեն մոտ 100 հազար տարի առաջ, այլև հաստատում է, որ վաղ Homo sapiens խմբերը հոգ էին տանում վիրավորված ցեղակիցների մասին․ տղամարդը կարողացել է գոյատևել ծանր վնասվածքից հետո և հետագայում դիտավորյալ թաղվել է, ինչը արտացոլում է բարդ սոցիալական և հուղարկավորության ավանդույթների առկայությունը։

Source: https://news.am/hy/news/1048797