«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակում։ Մասնավորապես, ArmLur.am-ին հասած տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտե են հրավիրել և հարցաքննել ԱԱԾ մեկուսարանում գտնվող Գագիկ Ծառուկյանի դստերը՝ Էմմա Ծառուկյանին։ Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին նրա ցուցմունքների բովանդակությունը չենք հրապարակում։
ArmLur.am-ը ավելի վաղ հայտնել էր, որ քննիչը դատարանից պահանջել և ստացել էր սպանված հոգևոր հովիվ Սողոմոն Վլասյանի հեռախոսը։ Հեռախոսում առկա են եղել նամակագրություններ և տարբեր խոսակցություններ Սողոմոն Վլասյանի ու նրա կողմից հաղորդություն ստացած անձանց միջև։
Հիշեցնենք՝ 2023 թվականի ապրիլի 30-ին Երևանում՝ Մյասնիկյան 2 հասցեի շենքի մոտ, հրազենային կրակոցներով սպանվել է «Ավետարանի հավատքի քրիստոնյաներ» կրոնական կազմակերպության հոգևոր հովիվ Սողոմոն Վլասյանը։ Սպանությունից ավելի քան երեք տարի անց քրեական գործը նոր շրջադարձ է ստացել։
Օգոստոսի 8-ին ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդուն՝ Արգամ Աբրահամյանին, իսկ օգոստոսի 9-ին նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Ըստ Քննչական կոմիտեի՝ անձնական շարժառիթ է եղել, և Աբրահամյանը որոշել է Վլասյանին սպանել ոչ թե անձամբ, այլ իր անվտանգության աշխատակից Գեղամ Հակոբյանի միջոցով։
Աբրահամյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-րդ և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով՝ պատվերով սպանություն կատարելուն դրդելու համար»։
Source: https://news.am/hy/news/1056001