Երևանի քաղաքապետարանը նախօրեին հայտարարել էր Դեմիրճյան փողոցում ճանապարհային աշխատանքներ իրականացնելու մասին։ «Կարեն Դեմիրճյան փողոցում (Սարյան փողոցից մինչև Մաշտոցի պողոտա հատվածում) օգոստոսի 18-ից մինչև 31-ը ներառյալ երթևեկությունը կդադարեցվի՝ մայթերի բարեկարգման աշխատանքներով պայմանավորված», - հայտնել էր քաղաքապետարանը։

Դեմիրճյան փողոցը Սարյան փողոցը միացնում է Մաշտոցի պողոտային՝ գրեթե հասնելով Գլխավոր փոստի շենքին։ Դեմիրճյան փողոցում ճանապարհային աշխատանքներին զուգահեռ հարևան շենքերի բնակիչներն այսօր բուռն աշխատանք են նկատել հենց Գլխավոր փոստի շենքի մոտ՝ կա՛մ ասֆալտ են փռում, կա՛մ սալիկ։ Գաղափարը առնվազն զարմանալի է՝ հաշվի առնելով, որ տեսանելի ապագայում հայտարարված է շենքի քանդումն ու դրա տեղում նոր, ժամանակակից կառույցի շինարարությունը։ Ստացվում է, որ այն տարածքը, որը մոտ ապագայում կվերածվի շինհրապարակի, «բարեկարգում են» հենց շինարարական աշխատանքների մեկնարկից առաջ։ Այս դեպքում կոռուպցիոն բաղադրիչի հավանականությունը մեծ է։

Հիշեցնենք, որ հենց Սարյան փողոցը ասֆալտապատվել էր ընթացիկ տարվա գարնանը։ Մոտավորապես նույն ժամանակ բուռն ու երկարատև աշխատանքներ էին իրականացվում Իսակովի պողոտայում, սակայն բառացիորեն երեկ Facebook-ի օգտատերերը հայտնեցին պողոտայում ասֆալտապատման նոր աշխատանքների մասին։

Source: https://news.am/hy/news/1056168