«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վարչապետի աշխատակազմում փոփոխություններ են սպասվում։ Նիկոլ Փաշինյանի երբեմնի ամենավստահելի կադրերից մեկը՝ Արայիկ Հարությունյանը, նշանառության տակ է։
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմում առաջիկայում կարող են կադրային լուրջ փոփոխություններ լինել։ «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի դիրքերը նոր կառավարության ձևավորման գործընթացում զգալիորեն թուլացել են, և մեծ է հավանականությունը, որ նա չի վերանշանակվի նույն պաշտոնում։
Մեր տեղեկություններով՝ Արայիկ Հարությունյանը երկարատև արձակուրդի է մեկնել՝ հուլիսի 1-ից մինչև հուլիսի 24-ը ներառյալ, ինչը իշխանական շրջանակներում արդեն կապում են սպասվող կադրային փոփոխությունների հետ։ Ըստ նույն աղբյուրների՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում ամենահավանական թեկնածուն Լիլիթ Մակունցն է, որը համարվում է Նիկոլ Փաշինյանի ամենավստահելի թիմակիցներից մեկը։ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի պաշտոնավարումն ավարտելուց և Երևան վերադառնալուց հետո Մակունցը նշանակվեց վարչապետի գլխավոր խորհրդական, իսկ այժմ, մեր աղբյուրների փոխանցմամբ, քննարկվում է նրա նշանակումը վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ սպասվող փոփոխությունների ֆոնին վարչապետի աշխատակազմում ևս նկատվում է անորոշություն։ Մասնավորապես, Արայիկ Հարությունյանի նշանակած մի շարք պաշտոնյաներ արդեն արձակուրդի դիմումներ են ներկայացրել, իսկ նրանք, ովքեր դեռ չեն գրել, գտնվում են անորոշ վիճակում՝ սպասելով նոր կառավարության կազմավորմանը և հնարավոր կադրային որոշումների հրապարակմանը։
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ Արայիկ Հարությունյանից, նրա օգնականից և աշխատակազմից՝ պարզելու, թե որքանով են իրականությանը համապատասխանում մեր ստացած տեղեկությունները։ Սակայն մեր զանգերին և հաղորդագրություններին որևէ պատասխան չստացանք, և մեր տեղեկությունները ոչ հերքվեցին, ոչ հաստատվեցին»։
Source: https://news.am/hy/news/1047741