ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր աշխատանքային այցով եղել են Տավուշի մարզում՝ շրջելով Դիլիջանի մի շարք ուսումնական հաստատություններում։

Այցի առաջին կանգառը Դիլիջանի բազմագործառութային պետական քոլեջն էր։ Նախարարն ու նախարարի տեղակալը շրջել են քոլեջում, ծանոթացել ուսումնական պայմաններին, նյութատեխնիկական բազային և գույքային հագեցվածությանը, զրուցել ուսանողների և դասախոսական կազմի ներկայացուցիչների հետ։ Նրանք հետևել են նաև «Բանկային գործ» մասնագիտությամբ ավարտական կուրսի պետական քննությանը:

Ժաննա Անդրեասյանը հետաքրքրվել է ուսանողների՝ կրթական միջավայրից ունեցած տպավորություններով, մասնագիտական ընտրությամբ և ուսման կազմակերպման հարցերով՝ անդրադառնալով նաև տրանսպորտային հասանելիությանն ու պետության կողմից ուսանողներին տրվող տրանսպորտային ծախսի փոխհատուցման ծրագրին։

Քոլեջի «Քույրական գործ» մասնագիտությամբ սովորող ուսանողների հետ հանդիպմանը քննարկվել են գործնական ուսուցման և պրակտիկայի կազմակերպման հետ կապված հարցեր։ Նախարարը կարևորել է ուսումնական պրակտիկաների արդյունավետ կազմակերպումն ու գործնական հմտությունների զարգացումը՝ որակյալ մասնագետների պատրաստման գործում։

«Խոհարարություն» մասնագիտության ուսանողների հետ զրույցում քննարկվել են գործնական դասընթացների կազմակերպման և անհրաժեշտ պարագաների ու մթերքների ձեռքբերման հարցերը։ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ դիտարկվում են գործնական ուսուցման համար անհրաժեշտ ռեսուրսների ֆինանսավորման հնարավորություններ։ Կարևորվել է նաև գործատուների հետ համագործակցության ընդլայնումը՝ հաշվի առնելով Դիլիջանի զբոսաշրջային զարգացման մեծ ներուժը և ոլորտում մասնագետների աճող պահանջարկը։ Նախարարն առաջարկել է զարգացնել միջազգային համագործակցությունը, այդ թվում՝ կազմակերպել արտասահմանցի մասնագետների վարպետաց դասեր՝ ուսանողներին ծանոթացնելու ժամանակակից միտումներին և տարբեր երկրների խոհանոցային մշակույթներին։

Քոլեջի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ ուսանողներից երկուսն անցած տարի մեկնել են Չեխիա՝ մասնագիտական փորձի փոխանակման ծրագրի շրջանակում։ Նշվել է նաև, որ պետական որակավորման քննությունների ընթացքում բազմաթիվ ուսանողներ ստանում են աշխատանքի առաջարկներ, իսկ շրջանավարտների զգալի մասը հաջողությամբ ներգրավվում է աշխատաշուկայում։ Քոլեջն ակտիվորեն մասնակցում է նաև տարբեր փառատոների և մասնագիտական տոնավաճառների։

Եռակցողների ուսումնական խմբում նախարարն ընդգծել է մասնագիտության կարևորությունն ու պահանջարկն աշխատաշուկայում՝ հիշեցնելով, որ այն ներառված է պետության կողմից խրախուսվող գերակա մասնագիտությունների ցանկում, և ուսանողներին տրամադրվում է բարձր կրթաթոշակ։ Ժաննա Անդրեասյանը կարևորել է սովորողների առաջադիմությունը, մասնագիտական գիտելիքների ձեռքբերումը և անվտանգության կանոնների խստիվ պահպանումը, որը կարևոր է հետագայում աշխատանքային անվտանգության տեսանկյունից։

«Որքան խորը գիտելիքներ ունենաք ձեր մասնագիտության մեջ, այնքան ավելի մեծ հնարավորություններ կունենաք՝ ապագայում ապահովելու բարեկեցիկ կյանք և մրցունակ լինել աշխատաշուկայում», – նշել է նախարարը։

Դիլիջանի բազմագործառութային պետական քոլեջում սովորում է շուրջ 420 ուսանող․ պետության միջոցներով նախատեսվում է նոր շենքի կառուցում, որը կապահովվի ժամանակակից գույքով և անհրաժեշտ ուսումնական ենթակառուցվածքներով։

Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է նաև Դիլիջանի արվեստի պետական քոլեջ, ծանոթացել ենթակառուցվածքային պայմաններին և գույքային հագեցվածությանը։ Նախարարը կարևորել է ուսումնական գործընթացի կազմակերպման համար ստեղծված բարենպաստ պայմաններն ու հնարավորությունները, որոնք առաջնային են հատկապես արվեստի կրթության կազմակերպման համար։ Քոլեջի կազմում գործում է նաև երաժշտական դպրոց, ներկայում հաստատությունում սովորում է 58 ուսանող, 180 աշակերտ։

Source: https://news.am/hy/news/1040328