Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ԵԱՏՄ առաջնորդների հանդիպմանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացակայությունը՝ հայտարարելով, որ հենց միավորման համար դրանում «ոչ մի ողբերգություն չկա», սակայն հարցեր են առաջանում Հայաստանի հետագա արտաքին քաղաքական կուրսի համատեքստում։

Ըստ Զախարովայի՝ Մոսկվան իրավիճակը գնահատում է ոչ թե քաղաքական հայտարարություններով, այլ Հայաստանի կառավարության կոնկրետ գործողություններով, որոնք կապված են եվրոպամետ քաղաքականության իրականացման և եվրասիական ինտեգրացիոն գործընթացների վրա դրանց հնարավոր ազդեցության հետ։

«Միավորման համար, իհարկե, ոչ մի ողբերգություն չկա, հարցը միայն հենց Հայաստանի մեջ է»,- ասել է ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը։

Նա ընդգծել է, որ ռուսական կողմը բազմիցս զգուշացրել է ԵԱՏՄ-ին անդամակցության և եվրոպական կառույցների հետ ինտեգրման խորացման միջև առկա հակասությունների մասին, հատկապես՝ այլ ինտեգրացիոն դաշինքի կողմից կարգավորման վերազգային մեխանիզմների ձևավորման պայմաններում։

Զախարովայի խոսքով՝ Մոսկվան «ի սկզբանե խոսել է այն մասին, որ անհնար է ԵԱՏՄ-ին անդամակցությունը համատեղել մեկ այլ ինտեգրացիոն բլոկի վերազգային կարգավորող մեխանիզմների ներդրման հետ»։ Նա նշել է, որ այս դիրքորոշումը հայկական կողմին փոխանցվել է «բազմիցս և սպառիչ կերպով՝ բոլոր մակարդակներում»։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է, որ նմանատիպ գնահատականներ նախկինում հնչեցրել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Զախարովան ռուսական դիրքորոշումը կապել է Եվրոպական միության՝ ԵԱՏՄ երկրների նկատմամբ վարվող քաղաքականության հետ։ Նրա խոսքով՝ եվրոպական կառույցները վարում են «ապակառուցողական քաղաքականություն» և պատժամիջոցային ճնշման մեխանիզմներ են օգտագործում եվրասիական միավորման մեջ մտնող պետությունների դեմ։

«Այդ նույն արևմտաեվրոպական՝ ԵՄ կառույցները, որդեգրել են ապակառուցողական ուղեգիծ և անօրինական պատժամիջոցներ են կիրառում հենց ԵԱՏՄ անդամ պետությունների դեմ»,- շեշտել է նա։

Այս կապակցությամբ, ինչպես կարծում է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը, եվրոպական ինստիտուտների հետ Հայաստանի փոխգործակցության հետագա խորացումը կարող է ուղղակի հակասության հանգեցնել ԵԱՏՄ շրջանակներում ստանձնած պարտավորությունների հետ։

Միևնույն ժամանակ Զախարովան ընդգծել է, որ Մոսկվան չի հարում «կամ-կամ» սկզբունքին և դեմ չէ բազմավեկտոր համագործակցությանը՝ որպես այդպիսին։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը միշտ ելել է «բոլոր ուղղություններով փոխգործակցությունը օրգանապես համատեղելու» հնարավորությունից։

Այնուամենայնիվ, նա նշել է, որ իրավիճակը փոխվել է այն բանից հետո, երբ արևմտաեվրոպական կառույցների կողմից, ըստ Մոսկվայի, սկսել են ձեռնարկվել գործողություններ, որոնք վնաս են հասցնում Ռուսաստանի և նրա գործընկերների տնտեսությանը, առևտրին և ֆինանսական համակարգին։

«Այս ամենը վերածվել է հիբրիդային պատերազմի, այդ թվում՝ առևտրային հարթությունում»,- հայտարարել է Զախարովան՝ նկատի ունենալով Արևմուտքի պատժամիջոցային քաղաքականությունը։

Source: https://news.am/hy/news/1037185