ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան խստորեն քննադատել է Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հայտարարությունը։ Վերջինս, մեկնաբանելով Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, պնդել էր, թե հայ ժողովուրդն իբր ընտրություն է կատարել հօգուտ «եվրոպական ապագայի»՝ չնայած «Ռուսաստանի կողմից գործադրվող ուժեղ ճնշմանը»։

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպես են Մոսկվայում գնահատում Բրյուսելի նմանօրինակ հայտարարությունները՝ հաշվի առնելով, որ Հայաստանը նույնիսկ Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ չունի, Զախարովան նշել է, որ Կալասը հերթական անգամ ստում է։

«Կայա Կալասից հերթական ստից բացի այլ բան սպասել հնարավոր էլ չէր։ Հասկացե՛ք, նա այդպիսի մարդ է, դա է նրա էությունը»», — հայտարարել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ անհնար էր հայաստանյան նախընտրական արշավում չնկատել եվրոպական կառույցների ակտիվ մասնակցությունը։

«Ցանկացած մարդ, ով թեկուզ չնչին չափով հետևում էր օրակարգին, չէր կարող չտեսնել, թե ինչպես է Եվրամիությունը բառացիորեն ձեռքով կառավարվող ռեժիմով փորձում վերահսկել ընտրական փուլի ընթացքը», — ասել է Զախարովան։

Նա նաև թվարկել է եվրոպական կառույցների մի շարք գործողություններ, որոնք, իր կարծիքով, վկայում են ընտրական գործընթացին միջամտելու մասին։

«Այստեղ կան թե՛ հիբրիդային սպառնալիքներին արագ արձագանքման, այսպես կոչված, առաքելությունները, և թե՛ ընթացիկ տարվա մայիսի սկզբին՝ նախընտրական քարոզարշավի թեժ պահին, Երևանում քաղաքական շոուներ կազմակերպելու համար պատվիրակությունների զանգվածային ներկայությունը։ Չմոռանանք նաև հունիսի 4-ին Ուրսուլա ֆոն դեր Լայենի զանգերը, որը հապշտապ գումար էր հայթայթում Հայաստանին աջակցելու համար։ Դե, իսկ որպես «տորթի վրայի բալ»՝ ձայների հաշվարկից առաջ հանրապետություն ժամանեց Եվրոպական միության ներկայացուցչության ղեկավարը», — նշել է նա։

Ըստ Զախարովայի՝ Բրյուսելը, ցանկալի արդյունքի հասնելու համար, կողմ է քաշել սեփական սկզբունքները։

«Կարճ ասած՝ ցանկալի արդյունքի հասնելու համար Բրյուսելում աչք փակեցին այն ամենի վրա, ինչն անվանում են ժողովրդավարություն, սկզբունքներ ու օրինականություն։ Նրանք պարզապես մոռացան ու աղբամանը նետեցին ինքնիշխան պետության ներքին գործերին չմիջամտելու և սուվերեն ժողովուրդների ընտրական գործընթացներից հեռու մնալու մասին սեփական կարգախոսները», — հայտարարել է նա։

Մեկնաբանելով քվեարկության արդյունքները՝ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ իշխող կուսակցության աջակցության մակարդակը նվազել է։

«Մենք դեռ հունիսի 8-ին էինք ասել՝ չնայած գործող իշխանությունների բոլոր հնարքներին ու առաջին հերթին՝ գործադրած ճնշումներին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարկանիշը նախորդ ընտրությունների համեմատ զգալիորեն նվազել է», — նշել է Զախարովան։

Նա նաև պնդում է, որ հայ հասարակության մեջ պահպանվում է Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելու պահանջը։

«Հայաստանի հասարակության շրջանում ակնհայտ է հայ-ռուսական կապերի պահպանման ու հետևողական զարգացման ձգտումը, քանի որ այդ հարաբերությունները հայ ժողովրդին բերում են իրական, այլ ոչ թե պատրանքային օգուտներ», — ընդգծել է նա։

Զախարովան կասկածի տակ է դրել Հայաստանի եվրոպական ինտեգրման հեռանկարները և հայտարարել, որ Բրյուսելը երկրին անդամակցության իրական տարբերակներ չի առաջարկում։

«Ուզում եմ հարցնել՝ եվրոպական ինտեգրման հարցը բարձրացնելիս կոնկրետ ինչի՞ն են առաջարկում միանալ Հայաստանին։ Մոլդովային առաջարկում են մտնել Ռումինիայի կազմի մեջ, իսկ Հայաստանին ի՞նչ են առաջարկելու։ Ո՞ւմ կազմի մեջ է նա պարտավոր լինելու մտնել», — հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ եվրոպական կառույցները դիտավորյալ թակարդն են գցել հայ հասարակությանը՝ ընտրության կեղծ պատրանք ստեղծելով ու փորձելով հակադրել Ռուսաստանն ու Եվրամիությունը։

«Դեռ ընտրություններից առաջ եվրոպական կառույցները դիտավորյալ թյուրըմբռնում էին տարածում հայության շրջանում։ Նրանք խորհրդարանական ընտրություններն արհեստականորեն ներկայացնում էին որպես մի բախտորոշ քայլ, թե իբր Հայաստանը պետք է ընտրություն կատարի Եվրամիության ու Ռուսաստանի միջև», — նշել է նա։

Զախարովան այս մոտեցումը որակել է որպես լկտի խաղ։

«Սա բացահայտ ու տգեղ մանիպուլյացիա է, ինչը ոչ մի կապ չունի հայ ժողովրդի իրական շահերի հետ։ Նպատակն ընդամենը մեկն է՝ ներսից քայքայել Հայաստանը, թշնամացնել ու իրար դեմ հանել մարդկանց։ Ուզում են քանդել մեր երկրների պատմական ու տնտեսական կապերը, իրենց ազդեցությունը տարածել այստեղ ու Երևանին թշնամացնել Ռուսաստանի հետ», — հայտարարել է դիվանագետը։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը նաև հիշեցրել է, որ Հայաստանը նույնիսկ Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ չունի։

«Կալասի, Ուրսուլա ֆոն դեր Լայենի ու մյուսների այս հայտարարությունների ֆոնին ընդամենը մի բան հիշեցնեմ՝ Հայաստանը նույնիսկ Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ չունի, մինչդեռ Բրյուսելում արդեն հայտարարում են ինչ-որ «եվրոպական ապագայի» մասին», — ասել է Զախարովան։

Նա քննադատել է Եվրամիության ներկա վիճակը՝ նշելով, որ կառույցն այսօր տնտեսական լուրջ ճգնաժամ է ապրում։

«Այսօրվա Եվրամիությունը սեփական գործընկերներին ոչինչ չի կարող առաջարկել, բացի տնտեսական լճացումից, սպառազինությունների անխելք մրցավազքից, արտաքին քաղաքական վտանգավոր արկածախնդրությունից ու հակառուսական կուրսին կուրորեն կողմնակից լինելուց», — հայտարարել է նա։

Զախարովայի կարծիքով՝ եվրոպացի պաշտոնյաները խուսափում են խոսել սեփական տնտեսական խնդիրներից։

«Լավ, այդ որ Երևան էին զանգում, ինչո՞ւ իրենց տնտեսական ցուցանիշներից չէին պատմում։ Հետաքրքիր կլիներ լսել։ Կարող էին մի հաղորդագրություն էլ տարածել իրենց տնտեսության «զարգացման», իսկ ավելի ճիշտ՝ հետընթացի մասին», — նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Նա նաև նշել է, որ հենց տնտեսական խնդիրներն են Արևմուտքին դրդել գնալ վտանգավոր քաղաքական քայլերի։

«Արևմուտքն իր տնտեսական բացերը միշտ ուրիշի հաշվին է փակում, ու հենց այդ ռեսուրսների պակասն էլ նրանց դրդել է ծայրահեղ վտանգավոր խաղերի մեջ մտնել թե՛ Եվրոպայում, թե՛ աշխարհի մեկ այլ ծայրում։ Ժողովրդավարության զարգացման ու ինչ-որ ազատական շարժումներին աջակցելու անվան տակ նրանք պարզապես փորձում էին կարկատել սեփական տնտեսական ճեղքերը։ Բայց, դե, հաշվարկներում սխալվեցին», — ասել է Զախարովան։

Նրա խոսքով՝ պատժամիջոցների քաղաքականությունն ու հակամարտությունների հրահրումն էլ ավելի են քայքայել եվրոպական տնտեսությունները։

«Կիրառելով այս բոլոր անօրինական առևտրային պատժամիջոցներն ու սնուցելով Եվրոպայի սրտում բռնկված արյունահեղությունը՝ նրանք իրենց տնտեսությունն ավելի վատ մակարդակի հասցրին։ Այ, այսպես է պետք իրողությունները ներկայացնել ու պատմել՝ փաստերը ձեռքին», — եզրափակել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Source: https://news.am/hy/news/1042494