Հայաստանի ներկայիս իշխանությունների, մասնավորապես հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարքագիծը չի կարելի անվանել բարեխիղճ անդամակցություն Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ)։ Այս մասին նշվել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանությունում։
Դիվանագետը նշել է, որ Փաշինյանը հունիսի 25-ի կառավարության նիստում, ինչպես նաև լրագրողների հետ շփման ընթացքում, անպատասխան է թողել գլխավոր հարցը։ «Մասնավորապես, թե ինչպես կարելի է 2025 թվականին ընդունել «Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական միություն անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքը, պարբերաբար պնդել, որ Հայաստանի ապագան Եվրոպայում է, 2026 թվականի մայիսին ԵՄ-ի հետ ստորագրել համատեղ հռչակագրեր՝ այդ միավորմանը հանրապետության մերձեցմանն ուղղված կոնկրետ քայլերի ցանկով, և միաժամանակ հայտարարել ԵԱՏՄ լիիրավ անդամ մնալու մտադրության մասին։ Ըստ էության, ստացվում է, որ Երևանի գործունեությունը միության շրջանակում ընդամենը ժամանակավոր միջոց է եվրոպական բլոկին միանալու համար հող նախապատրաստելու նպատակով, որի չափանիշներն ու կանոններն արմատապես տարբերվում են ԵԱՏՄ-ից, և որը, բացի այդ, վարում է Ռուսաստանի նկատմամբ թշնամական քաղաքականություն։ Այդպիսի վարքագիծը չի կարելի անվանել բարեխիղճ անդամակցություն ԵԱՏՄ-ին»,- ընդգծել է Զախարովան։
Source: https://news.am/hy/news/1046096