Ընտրությունները չեն համապատասխանել ՀՀ Սահմանադրությանը, չեն եղել ազատ և հավասար։ Այս մասին Սահմանադրական դատարանում քաղաքական կուսակցությունների հայցով ընթացող դատավարության ժամանակ իր եզրափակիչ ելույթում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։

Նա հիշեցրել է, որ դաշինքի ներկայացրած հայցում մանրամասնված են նախընտրական արշավի ընթացքում, քվեարկության օրը և դրանից հետո տեղի ունեցած զանգվածային խախտումները։

Վարդևանյանի խոսքով՝ հայցի քննության ընթացքում պարզ դարձավ, որ պատասխանող կողմը չունի մի շարք հարցերի պատասխաններ․ «Մենք տեսանք, որ կարելի է ընդհանրապես չպատասխանել հարցերին, և առաջին անգամ ականատես եղանք, թե ինչպես պատասխանողը օգտվեց «լռության իրավունքից»։

Նա արձանագրել է իշխող կուսակցության կողմից վարչական ռեսուրսի չարաշահման և անթույլատրելի հռետորաբանության աներևակայելի մասշտաբները, ինչպես նաև ԿԸՀ-ի անկախության պակասը։ Վարդևանյանը հավելել է, որ ՍԴ նիստում երրորդ կողմին փաստացի վերապահված էր «պահեստային պատասխանողի» դերը։

Իրավաբանը մատնանշել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի նկատմամբ ընդգծված բացասական վերաբերմունքը՝ սկսած Ընտրական օրենսգրքի փոփոխություններից մինչև այն իրավիճակը, որ դաշինքի առաջնորդը նախընտրական արշավն անցկացրել է տնային կալանքի պայմաններում։ Միևնույն ժամանակ, նա շեշտել է իշխող ուժի մենաշնորհային դիրքը, որն ընտրությունների նախաշեմին կենսաթոշակները բարձրացնելու հնարավորություն ունեցավ, ինչը, երկրում տիրող ծայրահեղ աղքատության պայմաններում, փաստացի ընտրակաշառք է։ Վարդևանյանը վկայակոչել է սոցհարցման արդյունքները, որոնց համաձայն՝ հարցվածների մեծամասնությունը նշված բարեփոխումը կապում է կոնկրետ կուսակցության հետ։

Դաշինքի ներկայացուցիչն ընդգծել է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն հանդես է եկել որպես «Ուժեղ Հայաստան»-ի «սև փիարշիկ»՝ ընտրությունների նախաշեմին տարածելով միտումնավոր ուղղորդված հաղորդագրություններ ու ձայնագրություններ՝ նպատակ ունենալով վարկաբեկել այս քաղաքական ուժին։ Հետագայում ձերբակալվածների մեծ մասն ազատ է արձակվել, սակայն կոմիտեն այդ մասին այդպես էլ չի հայտնել։ Նրա խոսքով՝ համաձայն նույն հարցման, պատասխանողների 21 տոկոսը, լսելով այդ ձայնագրությունը, որոշել է իր ձայնը չտալ ընդդիմությանը։ Վարդևանյանը հայտնել է, որ ԿԸՀ-ն կատարվածին արձագանքել է կոմիտեին ուղղված գրավոր դիմումով, որն անտեսվել է, իսկ ԿԸՀ-ն, անկախության պակասի պատճառով, հետևողական չի գտնվել։ Իրավաբանը նաև հիշեցրել է, որ քաղաքական ուժերից և ոչ մեկը չի ստացել բնակչության մեծամասնության ձայները, և ստացվում է, որ երկրի ճակատագիրը որոշում են «փոշիացած» ձայները (նկատի ունի հայաստանյան օրենսդրության նրբությունները, որոնց համաձայն՝ անցողիկ շեմը չհաղթահարած կուսակցությունների ձայները բաշխվում են հաղթողների միջև)։

Անդրադառնալով 16-17 հազար ընտրողների կողմից կրկնակի քվեարկության հնարավորության վերաբերյալ կասկածներին՝ Վարդևանյանն ընդգծել է, որ այդ կասկածները չեն փարատվել և ընդմիշտ որպես խարան կմնան այս ընտրությունների վրա։ Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի (Բարգավաճ Հայաստան կուսակցության) հետ կապված իրավիճակին, ապա, ըստ իրավաբանի, ԿԸՀ-ն պարտավոր էր կրկնակի քվեարկություն նշանակել (երկու ընտրատեղամասերում - խմբ․)։

Այսպիսով, շարունակել է նա, ազատ կամարտահայտման մասին խոսելն անգամ ավելորդ է։ Ընդհանուր առմամբ, Վարդևանյանն այս ընտրությունները համարում է «կուսակցություն-պետության» ձևավորման ճանապարհի սկիզբը։ Խախտումները եղել են համակարգային և զանգվածային, արձանագրել է Վարդևանյանը։

Source: https://news.am/hy/news/1047050