Ներքին գործերի նախարարությունը և մասնավորապես ոստիկանությունում ձևավորվել են շտաբներ, աշխատանքային խմբեր և պատշաճ հասարակական կարգ ու կանոն է ապահովվել բոլոր ընտրատեղամասերում. մենք ամսի 7–ին արձանագրել ենք արդար, ազատ և թափանցիկ ընտրություններ։ Այս մասին այսօր՝ հունիսի 9–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՆԳ փոխնախարար Արմեն Մկրտչյանը։

«Իհարկե նաև մշտադիտարկում էիրականացվել, իրավախախտումներ հայտնաբերելու տեսանկյունից, արձանագրել ենք մի շարք դեպքեր, դրանց մի մասը ստուգման փուլում են և ձեր կողմից նշված հնարավոր ծեծի, խուլիգանության դեպքերը արձանագրվել են և հաղորդումներ են ներկայացվել նախաքննության մարմին։ Ես այս պահին այդպիսի որակումներ չէի տա, որ դրանք քաղաքական են կամ քաղաքական չեն, բայց բոլոր ընտրատեղամասերում և ընտրության հետ կապված դեպքերը արձանագրվել են։ Մի մասը ուղարկվել է քննչական կոմիտե, ինչի մասին մենք երեքժամյա պարբերականությամբ հայտարարել ենք, և մի մասն էլ ստուգվում է, որոնք կամ կհերքվեն, կամ նույնպես կներկայացվեն քննչական մարմինը։

Ես չեմ կարող այս պահին նշել՝ քանի գործ է հարուցվել, ես կարող եմ նշել, որ շուրջ 100 դեպք մեր կողմից ներկայացվել է քննչական կոմիտե։ Հնարավոր է այլ աղբյուրներից Քննչական կոմիտեն ևս ստացած լինի հաղորդումներ և արդեն հարուցված վարույթների թիվը կարող եք հստակ ճշգրտել Քննչական կոմիտեից»,–ասաց փոխնախարարը։

Անդրադառնալով ընդդիմության կողմից հնչող մեղադրանքներին, որ երբ խախտումներ, հարձակումներ են լինում քաղաքացիների վրա իշխանության համակիրների կողմից, ոստիկանությունը չի արձագանքում նույն օպերատիվությամբ, օրինակ, Մասիսի ԵԿՄ–ի նախագահը հարձակվել էր «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչների վրա, ընտրության օրը ՔՊ-ի վստահված անձն էր հարձակվել «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցչի վրա և ոստիկանությունը համարժեք չի արձագանքել, փոխնախարար Մկրտչյանն ասաց. «Նախ կարծում եմ, որ ընտրական գործընթացները գերթափանցիկ են տեղի ունեցել և ընտրական պրոցեսների, և հնարավոր իրավախախտումների մշտադիտարկման տեսանկյունից։ Կարող է՝ ես բոլոր դեպքերը հիմա չեմ հիշում, բայց մշտադիտարկման արդյունքներով առնվազն ձեր նշածից մի քանիսը ես ինքս հիշում եմ, որոնք արձանագրվել և ներկայացվել են Քննչական կոմիտե և համապատասխանաբար քննություն է լինելու»։

Նա հնարավոր համարեց, որ ընտրական ցուցակների հետ կապված թերություններ լինեն, բայց վստահեցրեց, որ դրանք էական չեն. «Դրանք և պարզաբանվել են, և ընտրության օրը պարզաբանումներ տրվել են, օպերատիվ աշխատել է նաև միգրացիա և քաղաքացիության ծառայությունը։ Ընդ որում, եթե կան նաև էլի պարզվող և պարզաբանվող հարցեր, բավականին թափանցիկ պրոցեսում կարելի է դրանք տալ պատկան մարմիններին ստանալ պատասխաններ»։

Source: https://news.am/hy/news/1042210