Մի շարք սպառնալիքներից և ժամկետների բազմակի հետաձգումներից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Իրանի վրա ծրագրված հարվածները հետաձգելու որոշման մասին՝ հույս ունենալով, որ դա հնարավորություն կտա հասնել համաձայնության։ Սա նաև նրան թույլ է տալիս ամրապնդել իր քաղաքական դիրքերը երկրի ներսում և արտերկրում՝ որպես առաջնորդ, որը փորձել է խուսափել պատերազմից գրեթե ցանկացած գնով։
Ինչպես նշում է Ynet պարբերականը, Թրամփը, ըստ ամենայնի, նախընտրում է դիվանագիտական համաձայնությունը ռազմական գործողությունների նոր փուլից, թեև ոչ ցանկացած գնով։ «Այս տրամաբանությամբ նույնիսկ հարվածի ժամանակավոր հետաձգումը դիտարկվում է որպես անհրաժեշտ քայլ, չնայած նրան, որ Իրանի աչքերում այն կարող է ընկալվել որպես թուլության կամ անվստահության դրսևորում։
Բացի այդ, բանակցությունների ձախողման դեպքում կրկնվող հետաձգումները կարող են ուժեղացնել նրա լեգիտիմությունը, քանի որ ձևավորում են այնպիսի քաղաքական գործչի կերպար, որը նախ փորձել է պայմանավորվել։ Արդյունքում, վերլուծաբանների գնահատմամբ, ձևավորվում է մի իրավիճակ, որտեղ Թրամփը ներկայացվում է որպես պատերազմը կանխելուն ձգտող կողմ, մինչդեռ Իրանը շարունակում է շարժվել էսկալացիայի ուղով։
Միևնույն ժամանակ Իսրայելում հնչում են գնահատականներ, որ հարվածների հետաձգումը կարող է լինել նաև դիվանագիտական ճնշման տարր կամ ժամանակ շահելու փորձ։ Սակայն, որոշ պաշտոնյաների կարծիքով, այստեղ ռազմավարական օգուտ կարող է չլինել, քանի որ, ինչպես պնդվում է, Իրանը ի վիճակի չէ կանխել իր օբյեկտների նկատմամբ հնարավոր արդյունավետ հարվածները, թեև ի պատասխան կարող է հասցնել լուրջ տնտեսական և տարածաշրջանային վնաս։
Իսրայելում կարծում են, որ իրավիճակը մնում է անորոշ. Թրամփը, ինչպես նշել է պաշտոնյաներից մեկը, անկանխատեսելի է, և նույնիսկ բանակցությունների տապալման դեպքում երաշխավորված չէ, որ նա կհրամայի հարված հասցնել։ Իսրայելական իշխանությունների մեկ այլ ներկայացուցիչ նշել է, որ Թրամփի հետ «տրամաբանություն չկա, գլխավորապես այն պատճառով, որ սա Թրամփն է», հավելելով, որ հետաձգումը նրա կողմից միաժամանակ կարող է ընկալվել որպես ուժի դրսևորում, բարի կամքի արտահայտություն և Իրանի վրա ճնշում գործադրելու նոր փորձ։
Այս ֆոնին Իսրայելը պատրաստվում է իրադարձությունների ցանկացած զարգացման՝ հասկանալով, որ առանցքային որոշումները մնում են Վաշինգտոնի ձեռքում։ Միևնույն ժամանակ նշվում է, որ Իսրայելի որոշ դիվանագիտական քայլեր, ներառյալ բարձրաստիճան պաշտոնյաների արտասահմանյան այցերը, կարող են մատնանշել այն ակնկալիքը, որ ԱՄՆ-ի անհապաղ հարված չի հետևի։
Միաժամանակ, ամերիկյան ռազմական աղբյուրների տվյալներով, դադարի ընթացքում Իրանը ամրապնդել է իր դիրքերը. վերականգնել է վնասված հրթիռային օբյեկտների մի մասը, վերատեղակայել է շարժական արձակման կայանքները և հարմարեցրել է մարտավարությունը նոր հարձակումների դեպքում։ Որոշ օբյեկտներ, զրուցակիցների խոսքով, գտնվում են լեռնային շրջանների խորը ստորգետնյա ապաստարաններում, ինչը դրանք դարձնում է չափազանց դիմացկուն հարվածների նկատմամբ։
Ամերիկացի զինվորականները նաև նշում են, որ իրանական ուժերը ուսումնասիրել են ԱՄՆ ավիացիայի վարքագիծը, իսկ նախորդ հարվածները նրանց հնարավորություն են տվել ճշգրտել պաշտպանական ռազմավարությունները։ Արդյունքում, չնայած հրամանատարական կորստներին, Իրանը, աղբյուրների գնահատմամբ, դարձել է ավելի դիմացկուն և պատրաստ հետագա հակամարտությանը, ներառյալ տարածաշրջանի էներգետիկ ենթակառուցվածքների նկատմամբ հնարավոր հարվածները և Օրմուզի նեղուցում նավարկությանը սպառնալիքները»։
Source: https://news.am/hy/news/1036657
Armenia
Ynet. Ինչո՞ւ Թրամփը հետաձգեց Իրանի դեմ հարվածը
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։