Ընդդիմության հայտարարություններն այն մասին, թե որոշ ընտրատեղամասերում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին հարյուրավոր ձայներ են ավելացվել, ընդամենը բողոքական ուժերի փորձն է՝ ՔՊ-ն հավասարեցնել Սերժ Սարգսյանի ժամանակվա իշխանություններին, երբ ընտրությունների արդյունքները կեղծվում էին։ Այս մասին հայտարարել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նրա խոսքով՝ ինքը ըմբռնումով է մոտենում ընդդիմության քայլերին, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ ուժերից մեկը՝ «Բարգավաճ Հայաստանը», խորհրդարան անցնելու շեմին է։ «Նրանց փոխարեն ես էլ ձայների վերահաշվարկ կպահանջեի»,- նշել է նա։
Միևնույն ժամանակ, Խուդաթյանը վստահ է, որ արդեն հրապարակված արդյունքների և վերահաշվարկից հետո ստացվելիք տվյալների միջև տարբերությունը չնչին է լինելու։ «Վերահաշվարկի արդյունքում այս կամ այն ուժի օգտին ձայները կարող են փոխվել այս կամ այն կողմ, բայց խոսքը մի քանի ձայնի մասին է լինելու։ Պետք է նաև փաստեմ, որ մինչ օրս իրականացված վերահաշվարկի արդյունքում ամենաշատ ձայներն ավելացել են հենց «Քաղաքացիական պայմանագրի» օգտին»,- հայտարարել է նախարարը։
Խուդաթյանը հավելել է, որ ՔՊ-ն սեփական արդյունքները նվազեցնելու և ընտրությունները կեղծելու որևէ անհրաժեշտություն չի ունեցել. «Դրանում ոչ մի տրամաբանություն չկա»։ Նախարարը նաև ընդգծել է, որ ընդդիմությունն այս ընտրություններում լիակատար ձախողում է կրել։
«Նրանց հաշվարկն այն էր, որ հնարավորինս շատ ընտրակաշառք բաժանեին, ինչպես նաև առավելագույն թվով մարդկանց բերեին արտերկրից՝ այդպիսով իրենց հաղթանակն ապահովելու համար»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատանքի շնորհիվ այդ ծրագրերը տապալվել են։
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, ընտրակաշառքների ազդեցությունն, այնուամենայնիվ, զգացվել է, սակայն «ընդդիմությունն այնքան անզոր գտնվեց, որ նույնիսկ դա չօգնեց հաղթանակ ապահովել»։
«Հիմա ընդդիմությունը փորձում է ստվեր գցել ընտրությունների վրա, բայց դա էլ նրանց չի հաջողվի, որովհետև Հայաստանի քաղաքացիները գիտեն, թե ում օգտին են քվեարկել և որն է իրական պատկերը»,- նշել է նախարարը։
Ընդհանուր առմամբ, Խուդաթյանն ամեն կերպ փորձում էր վստահեցնել, որ ՔՊ-ում գոհ են ընտրությունների արդյունքներից. «Մենք ստացել ենք ձայների 49,9%-ը։ 49,9%-ի և 50%-ի տարբերությունը ընդամենը մոտ 1500 ձայն է, իսկ վերահաշվարկը դեռ չի ավարտվել։ Բացառված չէ, որ ևս 1500 ձայն ավելանա, ինչպես արդեն եղել է մի քանի տեղամասերում՝ արդյունքների ամփոփման ժամանակ»։
Նա լրագրողներին հորդորել է այնսպիսի տպավորություն չստեղծել, թե անցած տարիների ընթացքում ՔՊ-ն կորցրել է քաղաքացիների աջակցությունը և ավելի քիչ ձայներ է ստացել։ Ընդհակառակը՝ նախարարը վստահեցրել է, որ այս ընտրություններում իշխող ուժը 40 հազարով ավելի ձայն է ստացել, քան 5 տարի առաջ։ Նախարարը նաև հավելել է, որ իշխանության համար ստացված տոկոսը խնդրահարույց չէ։
Source: https://news.am/hy/news/1042770