Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ասատրյանը Սահմանադրական դատարանում (ՍԴ) 7 քաղաքական ուժերի հայցերի շրջանակում ներկայացված ապացույցներն ու փաստարկները համարում է «նույնաբովանդակ», քանի որ դրանք հիմնված են ոչ թե փաստերի, այլ սուբյեկտիվ ընկալումների ու ենթադրությունների վրա։ Այս մասին Ասատրյանը հայտարարել է ՍԴ նիստում։

Նրա խոսքով՝ չեն ներկայացվել տվյալներ, որոնք կհաստատեին, որ քաղաքացին ընտրություն է կատարել ճնշման տակ, կամ որ այդ հանգամանքներն ազդել են ընտրությունների արդյունքների վրա։ Ասատրյանը մատնանշել է որևէ ապացույցի բացակայությունն այն պնդումների վերաբերյալ, թե գործերը հարուցվել են քաղաքական դրդապատճառներով, կալանավորումներն իրականացվել են նույն նպատակով, ձևավորվել է վախի մթնոլորտ և այդպես շարունակ։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցչի այն հայտարարությունը, թե իրենց համակիրները չեն վախեցել հետապնդումներից ու ճնշումներից, Ասատրյանը համարում է այն բանի ապացույց, որ քվեարկության արդյունքներն արտահայտում են ընտրողների կամքը։ Որպես ընտրակաշառքի վերաբերյալ հաղորդագրությունների հրապարակման դրական արդյունք՝ Ասատրյանը նշել է, որ կաշառք առաջարկողներից ոմանք վերանայել են իրենց վարքագիծը՝ հրաժարվելով ընտրողներին կաշառելու փորձերից։ Նրա խոսքով՝ ավելացել են զգոն քաղաքացիների հաղորդումները, ինչը նպաստում է հանցագործությունների վաղ կանխմանը։ Ինչ վերաբերում է հաղորդագրություններում քաղաքական ուժերի անունների հիշատակմանը, ապա Ասատրյանը կարծում է, որ անհրաժեշտություն կար հանրությանը ներկայացնելու ամբողջ համատեքստը։ Ընդ որում, նա համոզված է, որ դրանով անմեղության կանխավարկածը չի խախտվել։ Կոմիտեի ներկայացուցչի մոտ կասկածներ չի հարցում այն փաստը, որ հաղորդագրությունները վերաբերել են կոնկրետ ուժերի։

Նրա խոսքով՝ կոռուպցիոն դրսևորումների փաստերով 156 վարույթ է նախաձեռնվել։ Դրանցից 74 գործով նախաքննություն է ընթանում 258 անձի նկատմամբ։ Ասատրյանը համաձայն չէ «լռության օրվա» պահանջները խախտելու վերաբերյալ մեղադրանքներին, իսկ ընտրությունների օրը կատարված ձերբակալությունների մասին լուրերը նա համարել է խիստ չափազանցված։

Source: https://news.am/hy/news/1046318