Հայաստանի իշխանությունները ցանկանում են օգտագործել Ռուսաստանը՝ հետագայում Եվրոպական միությանը անդամակցելու համար, և դա շահագործող վերաբերմունք է։ Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։

«Հայտարարություններ են անում, թե մենք ցանկանում ենք մնալ ԵԱՏՄ-ում, հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ։ Ինչպիսի՞ հարաբերություններ։ Շահագործո՞ղ։ Օգտագործել մեր երկիրը, որպեսզի անցնեն այս փուլը և անդամակցեն Եվրոպական միությանը։ Դա ազնիվ չէ», - «Վեստի»-ին տված հարցազրույցում ասել է Վոլոդինը։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանն օգնում է Հայաստանին և նրա բնակիչներին։ Հայաստանի համար ռուսական գազը չորս անգամ ավելի էժան է, բացի այդ՝ Ռուսաստանն այդ երկրի համար հանդիսանում է իրացման շուկա, հավելել է Պետդումայի նախագահը։

«Այդ դեպքում վերցրեք ու հրաժարվեք։ Եվ քաղաքացիներին այդ մասին բացահայտ հայտարարեք։ Ու գնացեք Եվրոպական միություն, եթե այդ բարոյականությունը ձեզ ավելի հոգեհարազատ է», - նշել է քաղաքական գործիչը։

Source: https://news.am/hy/news/1040492