Նախագահական նստավայրի առջև շարունակվում է երկու օր առաջ մեկնարկած նստացույցը՝ վարչապետին հարց տալուց հետո արդեն կես ամիս կալանավորված և հացադուլ հայտարարած արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանին ազատ արձակելու պահանջով: Ինժեներ, «Բարձունք» կրթական շարժման անդամ Գեղամ Օհանյանն անժամկետ նստացույցով նախագահից պահանջում է միջնորդել գլխավոր դատախազին, որ ազատ արձակի արցախցի երիտասարդին:

«Օսիպյանը հայտնվել է բանտում զուտ նրա համար, որ ինքը Արցախից տեղահանված մարդ է, ով որ համարձակվել է՝ վարչապետի թեկնածուին հարց ուղղել»,- ասել է նա։

«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանն էլ այսօր նշել էր, որ այցելելու եմ Արթուր Օսիպյանի իրավունքների պաշտպանության պահանջով նստացույց իրականացնող Գեղամ Օհանյանին՝ աջակցություն և համերաշխություն հայտնելու։

Հիշեցնենք, որ քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանը ձերբակալվել էր մայիսի 18–ին, Երևանում նախընտրական քարոզարշավի ժամանակ Փաշինյանի հետ ունեցած լեզվակռվից հետո։ Քննությունը կարծում է, որ Օսիպյանը սոցիալական ցանցերով նյութեր է հրապարակել, որոնք Փաշինյանի հասցեին բռնության կոչեր են պարունակել, ինչպես նաև փորձել է խոչընդոտել նրա քարոզարշավին։ Քրեական գործեր են հարուցվել մի քանի հոդվածներով, այդ թվում՝ խուլիգանության և քարոզչությանը խոչընդոտելու փաստերով։

Օսիպյանը հացադուլ է հայտարարել և պատրաստ է դադարեցնել այն, եթե Փաշինյանը ներողություն խնդրի՝ իրեն «փախած» անվանելու ու արժանապատվությունը վիրավորելու համար:

Նշենք, որ այդ միջադեպի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կշտամբել էր, թե ինչու չի զոհվել պատերազմում. «Թալանչի, անասուններ...Դու խի ես կենդանի, այ տականք»,- բղավել էր վարչապետը:

Հայաստանյան 16 ՀԿ–ներ դիմել են միջազգային կառույցներին՝

Դիմել են Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին, Հայաստանում գործող միջազգային կազմակերպություններին և դիվանագիտական առաքելություններին, կոչ արել դիմել Հայաստանի կառավարությանը՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել Արթուր Օսիպյանին և լիարժեք երաշխավորել նրա հիմնարար իրավունքներն ու ազատությունները:

Source: https://news.am/hy/news/1040514