«Անակլիան ամենավառ օրինակն է այն բանի, թե ինչպես կարող է մեկ իշխանությունը երկրի պատմական հնարավորությունը վերածել ստի տասնամյա խրոնիկոնի։ «Վրացական երազանքն» այլևս բարոյական իրավունք չունի խոսելու Անակլիայի մասին։ Արդեն ավելի քան տասը տարի է, ինչ մենք ականատես ենք լինում նույն ներկայացմանը. փոխվում են վարչապետները, փոխվում են էկոնոմիկայի նախարարները, փոխվում են նախագծի անվանումները, դրա իրականացման մոդելներն ու խոստումները։ Միակ բանը, որ չի փոխվում, արդյունքն է. Անակլիա նավահանգիստը դեռևս գոյություն չունի»,- հայտարարել է «Լելո» կուսակցության առաջնորդներից Իրակլի Կուպրաձեն, հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը։

Ըստ Կուպրաձեի՝ Վրաստանի ներկայիս իշխանությունները չունեն ռազմավարական տեսլական, միջազգային վստահություն և ազգային նշանակության նախագծերն ավարտին հասցնելու կարողություն։

«2016 թվականին իշխանությունները մեզ համոզում էին, որ լավագույն լուծումը BOT (Build-Operate-Transfer) մոդելն է։ Հենց այդ հիմքով էլ կնքվեց պայմանագիրը, իսկ հանրությանը խոստացան, որ Վրաստանը կստանա դարի նախագիծը։ Ասում էին, որ արդեն 2020 թվականին նավահանգիստ մուտք կգործի առաջին նավը, իսկ ներդրողների միջոցների հաշվին կառուցված նավահանգիստը կմնա երկրին, և սա իբր լավագույն մոդելն էր։

Այնուհետև նույն իշխանությունն իր սեփական ձեռքերով կործանեց այդ նախագիծը։ 2022 թվականին արդեն նոր վարչապետը և Էկոնոմիկայի նախարարության նոր թիմը հայտարարում էին, որ լուծումը պետության մասնակցությունն է 51% բաժնեմասով և նոր գործընկերոջ փնտրտուքը։

2023 թվականին նույն իշխանությունները ներկայացրին արդեն պետություն-մասնավոր գործընկերության (PPP) մոդելը, սկսեցին փնտրել նոր միջազգային գործընկեր և պնդում էին, որ հենց այդ ուղին է օպտիմալը։

Այսօր էլ էկոնոմիկայի նախարարը հայտարարում է, որ ելքը արդեն չորրորդ մոդելն է՝ Landlord-ը։

Մեկ իշխանություն, չորս տարբեր մոդելներ և մեկ արդյունք՝ կանգնեցված Անակլիա։ Եթե յուրաքանչյուր նոր մոդել լավագույնն էր, ապա ծագում է մի պարզ հարց. ինչո՞ւ Անակլիա նավահանգիստն այդպես էլ չկառուցվեց։

Այսօր նախարարը հանդես եկավ ևս մեկ հայտարարությամբ։ Նա ասաց, որ Անակլիա նավահանգիստը զարգանալու է միաժամանակ բազմաթիվ պետությունների և ընկերությունների հետ գործընկերությամբ։ Սակայն այսօր էլ մենք լսեցինք միայն վերացական հայտարարություններ՝ առանց որևէ կոնկրետության։ Ավելին, այդ խոստումը լիովին հակասում է հենց իշխանությունների նախկին հայտարարություններին։

Տասը տարվա ընթացքում նրանք չկարողացան պահպանել նույնիսկ մեկ ուժեղ միջազգային գործընկեր, իսկ հիմա հանրությանը խոստանում են, որ միաժամանակ կներգրավեն բազմաթիվ պետություններ և ընկերություններ։ Որտե՞ղ են այդ ընկերությունները։ Որտե՞ղ են այդ գործընկերները։

Իրականում հենց իրենք են վախեցրել արևմտյան ներդրողներին ու գործընկերներին, կործանել միջազգային վստահությունը, երկար տարիներով կանգնեցրել նախագիծը, իսկ հետո խաղադրույք կատարել չինական պետական ընկերությունների վրա։ Սակայն այդ ուղղությամբ էլ նրանց չհաջողվեց հասնել երկրի համար համոզիչ և ավարտուն արդյունքի։

Այդպիսին է «Վրացական երազանքի» կառավարման ոճը. յուրաքանչյուր ձախողումից հետո՝ նոր շնորհանդես, յուրաքանչյուր չկատարված խոստումից հետո՝ նոր մոդել, յուրաքանչյուր անհաջողությունից հետո՝ նոր բացատրություն։

Խնդիրը երբեք չի եղել BOT, PPP կամ Landlord մոդելների մեջ։ Ամբողջ աշխարհում կան հաջողությամբ գործող նավահանգիստներ, որոնք կառուցված են այդ մոդելներից յուրաքանչյուրով։ Խնդիրը իշխանության մեջ է, որը չունի ռազմավարական տեսլական, չունի միջազգային վստահություն և ի վիճակի չէ ավարտին հասցնել ազգային նշանակության նախագծերը»,- հայտարարել է Իրակլի Կուպրաձեն։

Նրա բնորոշմամբ՝ Անակլիան սոսկ նավահանգիստ չէ, այլ Վրաստանի ազգային անվտանգության հարցն է, ինչպես նաև երկրի եվրոպական և եվրոատլանտյան ապագայի նախագիծը։ Կուպրաձեն կարծում է, որ նավահանգիստը պետք է կառուցվի Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի համատեղ մասնակցությամբ և դառնա Կովկասի դարպասը ամբողջ աշխարհի համար։

«Մեզ համար Անակլիան երբեք պարզապես նավահանգիստ չի եղել։ Անակլիան Վրաստանի ազգային անվտանգությունն է։ Անակլիան Վրաստանի տնտեսական անկախությունն է։ Անակլիան երկրի եվրոպական և եվրոատլանտյան ապագայի նախագիծն է։

Հենց այդ պատճառով մենք՝ «Ուժեղ Վրաստան-Լելո»-ն, հենց սկզբից հայտարարում էինք, որ Անակլիա նավահանգիստը պետք է կառուցվի լիակատար թափանցիկությամբ՝ արևմտյան ռազմավարական գործընկերների, միջազգային ֆինանսական կառույցների և ուժեղ մասնավոր ներդրողների մասնակցությամբ։

Անակլիան պետք է դառնա Սև ծովի գլխավոր լոգիստիկ հաբը, որը Վրաստանը կկապի Եվրոպայի հետ, կամրապնդի երկրի անվտանգությունը, կներգրավի ներդրումներ և տասնյակ հազարավոր աշխատատեղեր կստեղծի։

Նավահանգիստը պետք է կառուցվի Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի համատեղ մասնակցությամբ և դառնա Կովկասի դարպասը ամբողջ աշխարհի համար։ Սա ուղի է դեպի ուժեղ Վրաստան, խաղաղության, բարեկեցության և զարգացման իրական տեսլական։

Անակլիան պետք է դառնա երեք երկրների գործընկերության, համակովկասյան խաղաղության, կայունության և բարգավաճման վայր։ Պատմությունը բազմիցս ապացուցել է, որ կայուն խաղաղությունն ամենամուրն է այնտեղ, որտեղ երկրներին միավորում են առևտուրը, ենթակառուցվածքները, ներդրումները և ընդհանուր տնտեսական հաջողությունը։ Երբ հարևանները միասին բարեկեցություն են ստեղծում, խաղաղության գինը բարձրանում է, իսկ առճակատման գինը դառնում է զգալիորեն ավելի մեծ։

Ժամանակն է փոխել այն իշխանությունը, որը Վրաստանի կարևորագույն ազգային նախագծերից մեկը վերածեց չկատարված խոստումների, կորսված ժամանակի և բաց թողնված հնարավորությունների խորհրդանիշի»,- հայտարարել է Իրակլի Կուպրաձեն։

Source: https://news.am/hy/news/1049798