Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետ Գեկա Գելաձեն պատվիրակության հետ միասին պաշտոնական այցով ժամանել է Հայաստանի Հանրապետություն, հայտնում է «Грузия Online»-ը՝ հղում անելով Վրաստանի ՊԱԾ-ին։

Գերատեսչության տվյալներով՝ այցի շրջանակներում Գեկա Գելաձեն հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի հետ։

«Հանդիպմանը կողմերը քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության հարցերը, տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներն ու առկա մարտահրավերները։ Ընդգծվել է նաև գլոբալ սպառնալիքների հաղթահարման գործընթացում երկու երկրների անվտանգության ծառայությունների միջև համագործակցության խորացման կարևորությունը»,- նշում է ՊԱԾ-ը։

Գեկա Գելաձեն շնորհակալություն է հայտնել հայ գործընկերոջը հյուրընկալության համար և հրավիրել պատասխան այցով գնալ Վրաստան։

Հանդիպմանը մասնակցել են նաև Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի տեղակալներ Թամազ Բորաշվիլին և Ալեքսանդր Մայսուրաձեն։

Source: https://news.am/hy/news/1046315