Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտնել է, որ Կարս —Իգդիր — Արալըք — Դիլուջու երկաթուղու շինարարությունը կուժեղացնի Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային կապերը՝ ամրապնդելով տարածաշրջանի տրանսպորտային փոխկապակցվածությունը, փոխանցում է Yeni Safak-ը։
Բացի այդ, ըստ նրա, նախատեսվում է Բոսֆորի վրայով Յավուզ Սուլթան Սելիմի կամրջով այլընտրանքային երկաթուղային գծի ստեղծում․ այս տարի մրցութային ընթացակարգերի ավարտից հետո սպասվում է նախագծի շինարարական աշխատանքների մեկնարկը։
Նախարարը նշել է, որ վերջին 24 տարվա ընթացքում տրանսպորտային և ենթակառուցվածքային նախագծերում ներդրվել է 355 մլրդ դոլար, ինչը երկրին հնարավորություն է տվել ստեղծել ավտոճանապարհների, ավտոմայրուղիների, արագընթաց երկաթուղիների, նավահանգիստների, օդանավակայանների, լոգիստիկ կենտրոնների և զարգացած կապի ենթակառուցվածքի ճյուղավորված համակարգ։
Ուրալօղլուն նշել է, որ 2002 թվականից երկաթուղիները սահմանվել են որպես պետական առաջնահերթություն։ Այդ ժամանակահատվածում երկաթուղային ցանցի երկարությունն ավելացել է մոտ 11 հազար կիլոմետրից մինչև գրեթե 14 009 կիլոմետր, ներառյալ՝ 2 251 կիլոմետր արագընթաց գնացքների գծերը։
Source: https://news.am/hy/news/1047974