Այսքան բռնաճնշումների, աշխատանքից ազատելու, այսքան ահաբեկելու, մարդկանց վախեցնելու, մեր ժողովրդից ճնշող մեծամասնությունը, հավատացեք, ձայն է տվել ընդդիմությանը։ Այս մասին, այսօր՝ հունիսի 26–ին, ՍԴ–ի դիմաց ընդդիմադիր ուժերի համատեղ բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Անգամ էս նկարչության պարագայում հարյուր հազարավոր արժանապատիվ մեր հայրենակիցներ կանգնել են և «ոչ» են ասել մի իշխանության, որը հանձնել է Արցախը, որ արշավել է սեփական եկեղեցու դեմ, որ սեփական հայրենիքը, սեփական ժողովրդին անտեսելով յուրաքանչյուր ամիս ու յուրաքանչյուր տարի գնացել է զիջումների, կզել է թուրքերի ու ադրբեջանցիների առաջ, խոստումներ է տվել։ Հիմա էլ այս ամեն ինչի հետ միասին այս ամբողջ ընտրակեղծիքների շարանի մեջ գիշերը գաղտնագողի թվերը է հրապարակում, ընտրատեղամասերում քվեաթերթիկների դեռ կեսը անգամ չէին հաշվել, ասում է՝ ես հաղթել եմ։ Ու՞մ ես հաղթել, այս ժողովրդին չես հաղթել, դու պարտվել ես, դու պարտված իշխանություն ես։ Դու պարտվել ես սրբազաններին, դու պարտվել ես մեր ժողովրդին»,–ասաց նա։
Գառնիկ Դանիելյանը կոչ արեց դուրս գալ հուսահատության ճիրաններից. Հավաստիացնում եմ ձեզ, այցելելով քննակատարողական հիմնարկներ, թե՛ սրբազանները, թե՛ ազգային բարերարը, թե մեր քաղաքական գործիչներից որևէ մեկը հուսահատության որևէ նշույլ ցույց չի տվել, և ես ուզում եմ բարձր ողջունենք անազատության մեջ գտնվող մեր եղբայրներին, մեր քույրերին։ Հայաստանի նորագույն պատմության մեջ գրվելու է ոսկե տառերով այն պայքարող տեսակը, որը Հայաստանը ազատագրելու է։
Այս տարիների պայքարը հենց այնպես չի անցնելու և մենք մեր վերջնական նպատակին հասնելու ենք։
Նաև ուզում եմ մի փաստ էլ արձանագրել, ինձ համար չափազանց կարևոր է, որ մեր հայրենակիցները, մեր եղբայրները գտնվելով Բաքվի բանտերից, այդ ճնշումների տակ, իրենք ի՞նչ ուղղերձներ են հղում մեզ, որ չկոտրվեք, չընկճվեք, պայքարեք։ Մեր ազգը հաշտ չի դրա հետ, մենք հաշտ չենք դրա հետ, մենք պայքարելու ենք, մենք հաղթանակ ենք տանելու, հուսահատության ճիրաններից մեր որոշ հայրենակիցներ պիտի դուրս գան։ Ես տեսնում եմ այստեղ հարյուրավոր, միգուցե, հազարավոր մարդկանց»,–ասաց նա։
Նշենք, որ Սահմանադրական դատարանի դիմաց բողոքի ակցիա է ընթանում, որտեղ հավաքվել են ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչները և նրանց աջակիցները։ Մասնավորապես, համատեղ ակցիա են անում «Ուժեղ Հայաստան» դաշինքը, «Հայաստան» դաշինքը։ Այստեղ են նաև ԲՀԿ–ականները, «Հայաքվե» նախաձեռնության անդամները։
Նշենք, որ այսօր ՍԴ–ում մեկնարկել է ԱԺ ընտրությունները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների քննությունը։
Source: https://news.am/hy/news/1046141