Հայաստանի սահմանադրական դատարանը շարունակում է քննել քաղաքական ուժերի հայցը՝ հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ ՍԴ էին դիմել առանձին-առանձին 7 քաղաքական ուժեր, սակայն դատարանը որոշել էր դրանք միավորել և քննել մեկ վարույթով։ Հայցի քննության երկրորդ օրը «Նոր ուժ» կուսակցությունը հայտարարել է գործընթացին իր մասնակցությունը դադարեցնելու մասին։
Գործով որպես պատասխանող կողմ հանդես է գալիս Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ), որպես հարակից պատասխանողներ՝ Դատախազությունը, ՆԳՆ-ն ու Հակակոռուպցիոն կոմիտեն, իսկ որպես երրորդ կողմ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
Դատարանն անցած երեք աշխատանքային օրերի ընթացքում լսել է կողմերի ներածական ելույթներն ու հարցուպատասխանը։ ՍԴ նախագահ Արման Դիլանյանի որոշմամբ՝ հաշվի առնելով, որ օրենսդրության համաձայն որոշումը պետք է կայացվի մինչև հուլիսի 4-ը, սահմանվել է արտասովոր աշխատանքային գրաֆիկ. նիստերն անցկացվում են նաև հանգստյան օրերին և աշխատանքային ժամի ավարտից հետո։
Այսօր ՍԴ դատավորներն իրենց հարցերն են ուղղելու կողմերին։
Source: https://news.am/hy/news/1046570