Երեկ՝ օգոստոսի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:50-ի սահմաններում Սուրբ Սարգիս եկեղեցուց դեպի Հաղթանակ կամուրջ տանող ճանապարհահատվածում բախվել են «Hongqi» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարից հետո վարորդները սպասել են, որպեսզի ժամանեն ԱՊՊԱ գործակալները։ Ցավոք, այդ ժամանակ վարորդներից մեկի ինքնազգացողությունը վատացել է և ահազանգել են Երևանի 103 շտապօգնություն։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում էին, որ շտապօգնությունը բավականին օպերատիվ է ժամանել, սակայն վարորդի կյանքը փրկել չի հաջողվել. բժիշկներն արձանագրել են նրա մահը։

Տեղում պարեկներն ու քննիչները պարզել են, որ «Hongqi»-ն վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 41-ամյա Վարանցով Ղ.-ն, իսկ մահացածը «Mercedes»-ի վարորդն է՝ Երևանի բնակիչ 49-ամյա Կարեն Հ.-ն։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ «Hongqi»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Source: https://news.am/hy/news/1055158