Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացման դեպքում Հայաստանի քաղաքացիների՝ դեպի ԵՄ արտագաղթելու ռիսկերի մասին բոլոր խոսակցություններն անհիմն են։ Մայիսի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

Նա հավելել է, որ վիզային ռեժիմի ազատականացման պարագայում դեպի ԵՄ ՀՀ քաղաքացիների արտագաղթի ռիսկեր չկան՝ որպես հիմնավորում մատնանշելով 2025 թվականի արդյունքներով Հայաստանից մեկնած և Հայաստան ժամանած քաղաքացիների թվի դրական տարբերությունը։

«2016 թվականին Եվրամիությունում ապաստան ստանալու դիմում է ներկայացրել Հայաստանի 7795 քաղաքացի, իսկ 2024 թվականին՝ Հայաստանի 5130 քաղաքացի, 2025 թվականին՝ 3535»,- նշել է Սարգսյանը։

Սարգսյանն ընդգծել է, որ գոյություն ունեն նաև ռեադմիսիայի մասին համաձայնագրեր, որոնց շրջանակներում Հայաստանն արձագանքում է երկրից անվերահսկելի միգրացիոն հոսքերի դեպքերին։ Նրա խոսքով՝ Հայաստանը դեպքերի մեծ մասում դրական է արձագանքում գործընկերների հարցումներին և քաղաքացիներին վերադարձնում հայրենիք։

Source: https://news.am/hy/news/1036888